Նորություններ

Եթե կա անգամ մեկ անհայտ ճակատագիր, կատարված աշխատանքը թերի է. ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Եթե կա անգամ մեկ անհայտ ճակատագիր, կատարված աշխատանքը թերի է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանը:
Պարոն գեներալ, պատերազմին հաջորդած շրջանում, թերևս, ամենածանր ու պատասխանատու պարտականություններից մեկն ընկած է Ձեր ուսերին: Խոսքը զոհվածների, անհայտ կորածների, գերիների հարազատների հետ տարվող աշխատանքների մասին է: Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները բավարար մակարդակի վրա են:
Իրականում, այն, ինչի մասին ուզում եք, որ խոսենք, պատերազմի ամենածանր թեմաներից է: Աննկարագրելի են այն ապրումները, որոնք ունենում եմ մեր հայրենակիցների հարազատների հետ առնչություններում: Ասել, որ առայսօր մենք կարողացել ենք կատարել նվազագույնը և արդարացնել որդեկորույս ծնողների ու անհայտ կորածների հարազատների սպասումները, ճիշտ չէր լինի: Չեմ կարծում, որ կատարվածը բավարար է, որպեսզի մեր աշխատանքին տանք լավ կամ վատ գնահատական: Համոզված եմ, որ եթե կա անգամ մեկ անհայտ ճակատագիր, կատարված աշխատանքը թերի է: Իմ պարտականություններն օպերատիվ եմ գնահատում մինչև մեր վերջին գերի հայրենակցի վերադարձը և անհայտ կորածի անձի ճակատագրի ճշգրտումը:
Հասկանալով այս ընթացքում Ձեր կողմից կատարվող աշխատանքների անհրաժեշտությունն ու հրատապությունը, այդուհանդերձ, երևի շատերին է հետաքրքրում Ձեր վերաբերմունքը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և քաղաքական իշխանության միջև ստեղծված ճգնաժամային վիճակի հանդեպ:
Համահայկական դաշտում առկա տրամադրությունները գնահատելով պետք է ասեմ հետևյալը՝ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով խիստ մտահոգ եմ. իմ ժողովրդի մտահոգությունն իմ մտահոգությունն է: Այսօր, ճակատագրի կամոք, ինձ վերապահվել է ծառայել Հայրենիքիս այն ճակատում, որտեղ այսօր կամ: Իմ ամենամեծ ծառայությունը ժողովրդիս իմ առջև դրված խնդիրները պատվով կատարելն է: Ես ձգտում եմ դրանք պատվով կատարել: Իսկ ճգնաժամը հաղթահարելու հարցում ակնկալում եմ ողջախոհություն և խնդիրներին լուծում տալու կամք:
Back to top button
Close