Նորություններ

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը

ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց նրա՝ նոյեմբերի 15-ի ուղերձը, որում նշվում էր նաև․«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Պատգամավորը ԲԴԽ նախագահին հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր կոչի մեջ ՀՀ վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական խոսքին հղումը, ինչո՞ւ չսահմանափակվեցիք ձեր մասնագիտական իրավական բառապաշարով»։

«Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են իմ կոչը դատավորներին: Ես գտնում եմ, որ իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև առնվազն իմ կարծիքով այսօր, քան երբեք դատարանները աշխատում են առավել անկախ»,-ասաց Վարդազարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է օգտագործել քաղաքական գործչի՝ վարչապետի արտահայտությունը, Վարդազարյանը նշեց. «Այո օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարի ու կես ամբողջ դատական համակարգը ալեկոծված էր այդ հարցադրումով: Ոնե՞նք, թե՞ չունենք վնգստացող դատավորներ: Բազմաթիվ դատավորներ նույն հարցը տվել են, և ես գտնում եմ, որ այդ հարցին մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի: Այսօր էլ է այդ հարցը օրհասական և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք վնգստացող դատավորներ: Ամեն ինչ պետք է անել, որ այդ հարցը օրակարգից դուրս գա»:

Նշենք, որ Վարդազարյանն այս կոչով դատավորներին դիմել էր այն ժամանակ, երբ դատարանները պետք է քննեին վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված անձանց կաանավորելու միջնորդությունները:

Back to top button
Close