Նորություններ

«Նիկոլ Փաշինյանը պիտի խելոք փասա-փուսեն հավաքի գնա տուն, ինչ պետք է աներ մեր երկրի համար, չի արել». Ա.Ղուկասյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետության» հրապարակում խոսեց արտահերթ գործընթացների մասին, ներողություն խնդրեց իր բոլոր սխալների համար և ասաց, որ ընտրություններով կորոշվի՝ հանրությունը ներե՞լ է իրեն, թե՞ ոչ:

Վարչապետի հայտարարությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ:

Քաղաքագետը այն կարծիքին է, որ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ մոտեցում և լուծումների առաջարկություն:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի լուծում այս իրավիճակին և ոչ մի բան չի կարող հանրությանը առաջարկել:

«Ես գտնում եմ, որ արտահերթ ընտրություններին չպետք է մասնակցեն ո՛չ նախկին ռեժիմի ռևանշիստական ուժերը, ո՛չ «Իմ քայլը» դաշինքը, այն պատճառով, որ այդ քաղաքական ուժերը, բացի խաբելուց, ուրիշ բան չեն կարող հանրությանը ներկայացնել: Եթե ընդհանուր իրավիճակը գնահատենք, ապա սա երրորդ հանրապետության անփառունակ ավարտն է:

Երրորդ հանրապետությունը ամբողջությամբ խաբեության վրա էր հիմնված, և այսօր պայթում են այդ հանրապետության միֆերը. պայթեց ամենագլխավոր միֆը, որ մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, մենք ունենք «Իսկանդեր», բայց պարզվեց, որ «Իսկանդերը» մերը չէ, բանակը մարտունակ չէ և այլն, և այլն:

Եթե Նիկոլ Փաշինյանը կամ նախկին ռեժիմի ռևանշիստական ուժերը մտածեին հանրության մասին, բնականաբար կընդունեն, որ իրենք գալիք ընտրություններում անելիք չունեն: Նոր քաղաքական ուժերին պիտի տրվի հնարավորություն՝ նոր քաղաքական խոսք հղելու, որովհետև այս երկու ուժերը, բացի սուտ խոսելուց, ուրիշ ոչինչ չեն կարող անել, իրենք միայն կարող են մարդկանց խաբել։ Նիկոլ Փաշինյանը հարկադրված է խաբել, որպեսզի իր վրայից հանի պատասխանատվությունը, նախկին ուժերն էլ իրենց վրայից են փորձում հանել պատասխանատվությունը:

Ինչպես հանրությունը 30 տարի ապրել է խաբեության մեջ (կեղծ ընտրություններ, կեղծ քաղաքական գաղափարներ), այդպես շարունակելու է ապրել, եթե այս երկու ուժերը մասնակցեն ընտրություններին»,- հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքագետը անհնար է համարում արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի և նախկին ռեժիմի ռևանշիստական ուժերի չմասնակցելը:

«Որովհետև ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ռևանշիստական ուժերը իշխանության համար պայքարից չեն հրաժարվի, և ամեն մեկն իր իշխանության գալու համար է մտածում: Իրենք ուրիշ ծրագիր չունեն: Ինչպես վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը, ինչ դերակատարություն ունենալ տարածաշրջանում, ինչպես զարգացնել տնտեսությունը, ինչպես իրականացնել սոցիալական կոնսոլիդացիա. այս հարցերը այսօր դուրս են դիսկուրսներից, և ամբողջը տեղավորված է՝ Նիկոլը գնա, թե Նիկոլը մնա պայքարի ձևաչափում»,- ընդգծում է Ղուկասյանը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև «Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով, որ պիտի աշխատեն այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ՝ չբացառելով  կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը:

Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ասում է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նրա հայտարարությունը նոր չէ և վստահություն չի էլ ներշնչում:

«Դրա ժամանակն անցել է, և դա անելու համար Նիկոլ Փաշինյանը ուներ պատմականորեն իրեն տրված ժամանակ: Նա ուներ հանրային վստահություն, մանդատ. ինքը այդ ամենը մսխել է և այսօր ունի զրո կարգավիճակ: Ինքը ո՞վ է, որ խոսում է սահմանադրական բարեփոխումների մասին, ինքը պիտի խելոք փասա-փուսեն հավաքի գնա տուն, ինչ պետք է աներ մեր երկրի համար, չի արել, և մենք հիմա ազգովի կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել:

Երբ 2018թ.-ին ես Նիկոլ Փաշինյանին ասում էի, որ հարկավոր են սահմանադրական բարեփոխումներ անել, և չի կարելի Սերժ Սարգսյանի կադրերին նշանակել հանգուցային պաշտոնների, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, ասում էր՝ պետք չեն սահմանադրական բարեփոխումներ, քննադատության համար ասում էին, որ մենք «քաղաքական ռասիստներ» ենք»,- եզրափակում է Անդրիաս Ղուկասյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close