Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Բողոքի ցույցեր և քաոս Հայաստանում. երբ հրթիռները չեն պայթում, բայց վնաս են պատճառում. Frankfurter Rundschau

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծես թե սասանված է: Կառավարությունում գրեթե բոլորը կրակ են բացում միմյանց վրա», — գրում է գերմանական Frankfurter Rundschau թերթը: «Ներքաղաքական ճակատային գիծը քաոսային է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է Գլխավոր շտաբին, նախագահ Արմեն Սարգսյանը՝  վարչապետին, Անվտանգության խորհուրդը դեմ է նախագահին և Գլխավոր շտաբին: Փաշինյանը խոսում է պուտչ իրականացնելու փորձի մասին: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք զինվորականների հատուկ խումբ է մուտք գործել երկիր՝ Հայաստանի ամենաազդեցիկ գեներալներին վերացնելու համար: Հատուկ ծառայությունը հերքում է դա»:

«Հակամարտությունը սրվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած վիճաբանությունից հետո,- գրում է լրագրող Շտեֆան Շոլը, — նախ, Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայկական էքսկլավի համար Ադրբեջանի դեմ պարտված պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ի հրթիռների միայն 10% -ն է պայթել: Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, Yerevan Today- ին տված հարցազրույցում, կատակի տալով՝ այդ հայտարարությունը համարեց մակերեսային և անլուրջ. իհարկե, անհնար է, որ «Իսկանդեր»-ի հրթիռը պայթի ընդամենը 10% -ով: ՀՀ վարչապետն անմիջապես հեռացրեց նրան, Գլխավոր շտաբն անցավ հարձակման»:

«Այնուհետև հայ զինվորականները եւ ռուսաստանցի ռազմական փորձագետները միաբերան հայտարարեցին, որ Հայաստանը ԼՂ-ում ընդհանրապես չի օգտագործել ՌԴ արտադրության «Իսկանդեր» համակարգի հրթիռներ», — գրում է թերթը: «Միեւնույն ժամանակ Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտնեց, որ կառավարության ղեկավարին կեղծ տեղեկություններ են հաղորդվել այդ հրթիռային համակարգերի վերաբերյալ և ռուսական զենքը լավագույններից է աշխարհում»:

«Պարզ չէ՝ արդյո՞ք Փաշինյանը ցանկանում էր մեղադրել զինվորականներին այն բանի համար, որ նրանք չգիտեին ինչպես օգտագործել այդ ​​համակարգերը, թե՞ ոչ պիտանի զենք են գնել», — պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ Աժդար Կուրտովը: — Բայց Ադրբեջանի դեմ պատերազմում ռազմական ձախողումից հետո Հայկական բանակի շարքերում տիրում է մեծ դժգոհություն: «Լեռնային Ղարաբաղի համար առաջին հաղթական պատերազմից հետո նրանք դաստիարակվել են որպես հերոսներ և հաղթողներ»,- ընդգծել է Կուրտովը:

«Անձամբ Փաշինյանը նախորդ հինգշաբթի խոստացել էր Հայաստանում նոր ընտրություններ անցկացնել, բայց հետո ասաց, որ իր կողմնակիցները դա թույլ չեն տա: Վարչապետը կարծես թե հեռու է ինքնիշխանությունից, բայց այսօր հայերի մեծ մասը հաշտվել է դառը զինադադարի հետ, որի վերաբերյալ համաձայնագիրը նա ստորագրել էր նոյեմբերին»,-եզրափակում է գերմանական հանդեսը:

 

Աղբյուր` Frankfurter Rundschau

Back to top button
Close