ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Իսկական տղու տեղը Ջաբրայիլն է». 18-ամյա խիզախ Կարեն Մնացականյանը հետմահու պարգևատրվեց

2020 թվականի հուլիսի 22-ին զորակոչված Կարեն Մնացականյանը, ով նոր-նոր էր հասցրել յուրացնել զենքի հմտությունները, պատերազմի օրերին ուղարկվում է Ջրական (Ջաբրայիլ): Ի՞նչ էր անելու ընդամենը 2 ամսվա ծառայության փորձ ունեցող Կարենն իր ջոկատի մյուս նորակոչիկների հետ ռազմաճակատի այն գծում, որտեղ ամենածանր մարտերն են եղել: Զինվորի հայրը իր բացատրությունն ունի այս հարցին՝ բազմաթիվ փախչողներ են եղել Ջաբրայիլից: Կանգնելու, կռվելու և պահելու բեռն իրենց վրա են վերցրել դպրոցական նստարանը թողած և բանակ զորակոչված տղաները:

18-ամյա տղան համարձակ էր, հայրենասեր: Տանն էր մթնոլորտն այդպիսին: Երբ որդին արդեն պատերազմում էր, հայրը մտքում քարտեզն էր ուրվագծում՝ ինչպես ընդլայնել այն, զարգացնել արցախյան առաջին պատերազմի հաջողությունները:

Հավատում էր մեր բանակի հաղթանակին, հավատում էր որդուն, գիտեր՝ նա կոտրվող տեսակ չէ:

Ընտանիքի առաջնեկն էր Կարենը, երկու եղբայրների և քրոջ հպարտությունը: Այս տանը Կարենի մասին ներկայով են խոսում: Քույրն ասում է՝ ամեն վայրկյան զգում է նրա ներկայությունը:

Հոկտեմբերի 12-ին էր վերջին անգամ զանգել տուն, հորդորել չմտածել իր մասին և երեխաներին լավ նայել:

Կարենն ընկավ Ջաբրայիլում, անօդաչու թռչող սարքի հարվածից:

Հետմահու Կարենը պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով:

Կարենի մարմինն ամփոփված է Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում:

Back to top button
Close