Նորություններ

Կասկադյորական ավտովթար Երևանում. Ալվարդ Վարդանյանը BMW-X5-ով բախվել է երկաթե ճաղավանդակին և 4 մետր բարձրությունից ընկել ներքեւ

Փետրվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրան և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝  ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close