«ՀՀ Նախագահը պարտավոր է վավերացնել մեր հզոր պարտությունը, որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող փաստաթուղթ». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 27-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ՀՀ վարչապետի կողմից հայոց բանակը կազմալուծելու առաջարկը:
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ փաստորեն Հանրապետության Նախագահն իր պահվածքով, հակասահմանադրական է ճանաչում ՀՀ լեգիտիմ իշխանության կողմից հրահրված պատերազմն ու դրան հետևած կապիտուլյացիան։ Այդ է հաստատում նաև ժամանակին նույն ՀՀ Նախագահի կողմից փայլուն պարտություն կրած մեր պաշտելի վարչապետի հրաժարական պահանջելը նույնպես։
Այսպիսով, ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ՀՀ Նախագահն իր որոշ քայլերով հակասում է ժողովրդի ընտրյալ վարչապետի քաղաքական գաղափարախոսությանը, այն է՝ սահմանադրորեն Արցախի բեռից ազատվել, պատերազմում հազարավոր զոհեր տալով պարտվել՝ հանուն խաղաղության և մեր հարևաններ թուրք-ադրբեջանցիների հետ քիրվայության, բանակի ոչնչացման ու հայոց պետականության կործանման։
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ պարտությունը, կապիտուլյացիան, պետականության ոչնչացումը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը և ՀՀ Նախագահը պարտավոր է վավերացնել մեր հզոր պարտությունը, որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող փաստաթուղթ:
Հայտարարությունը բաց է ստորագրության համար»: