Բահամյան կղզիների ափերից մեկում հայտնաբերվել է տիտանե գունդ՝ ռուսերեն գրություններով
Բրիտանուհի Մանոն Քլարկն ընտանիքի հետ քայլելով Հարբոր կղզու լողափում՝ նկատել է փայլուն մետաղական գունդ ՝ կիսով չափ թաղված ավազի մեջ:
Երբ տարօրինակ առարկան փորել եւ հանել են, դրա ծագման վերաբերյալ հարցերը միայն ավելացել են. գնդի վրայի գրությունները ռուսերեն էին:
Փորձագետներն ուսումնասիրել են այն, եւ ինչպես պարզվել է, դա տիտանե գունդ է: Նրանք եկել են եզրակացության, որ գունդն արբանյակի կամ տիեզերանավի վառելիքային համակարգի մաս է կազմում: Նրանց կարծիքով, հայտնաբերվածը 43 լիտր ծավալով հիդրազինի բաք է:
Ինչ վերաբերում է մակագրությանը, ապա դրանում նշվում է աշխատանքային ջերմաստիճանի տիրույթը (-170-ից -196 աստիճան՝ ըստ Ցելսիուսի), բաքի առավելագույն քաշը (41 կիլոգրամ) և արտադրության տարեթիվը՝ 2018 թվական:
Այնուամենայնիվ, փորձագետները չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչպես է գունդը հայտնվել Բահամյան կղզիներում: Սովորաբար արբանյակների և տիեզերանավերի մասերը նետվում են Խաղաղ օվկիանոսի չբնակեցված հատված, այսպես կոչված, Nemo կետ: Բայց միշտ չէ, որ հնարավոր է հաշվարկել գործածված մասերի ճշգրիտ հետագիծը:
Ուստի միանգամայն հավանական է, որ գունդը կղզի է հասել տիեզերանավի կամ արբանյակի շահագործողի սխալի պատճառով: Այնուամենայնիվ, նույն հաջողությամբ բաքը կարող էր կղզի տեղափոխվել օվկիանոսի հոսանքի միջոցով և Նեմո կետից: Այսպես թե այնպես, այլևս հնարավոր չէ որոշել, թե որտեղ է ընկել այդ ռուսական գունդը, այնպես որ կարելի է միայն կռահել: