Նորություններ

Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան

Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։ Նշվել էր, որ պայմանավորված այս հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։

Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետ։ Հեռախոսազրույցում Ջալալ Հարությունյանը հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց Հարությունյանը։

Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունը՝ ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։

Irakanum.am

Back to top button