Նորություններ

«Լիցքաթափման ձևն այն է, որ «Ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առջև»-ը լինի ճշմարտություն և ոչ թե ձևական»

«Երբ լսեցի Գլխավոր շտաբի հայտարարությունը, դա ինձ շատ վտանգավոր թվաց, որովհետև եթե նրանք միանային հրապարակի ընդդիմությանը, ապա դա հեղաշրջման փորձ կլիներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ դա քաղաքական հայտարարություն է, և իր համար անհասկանալի են այդ հայտարարության պատճառները:

«Մինչև այդ հայտարարությունը կոչումներ են տրվել գեներալ-գնդապետի, Ազգային հերոսի, և մենք լավ տրամադրություններ և տպավորություններ ունեինք: Անհասկանալի է՝ կարճ ժամանակահատվածում ինչ է փոխվում, որ այսպիսի ծայրահեղ և հակադիր իրավիճակների ենք մենք ականատես լինում:

Ժաննա Ալեքսանյան

Ես դեմ կլինեի նրանց նկատմամբ քրեական հետապնդմանը, որովհետև այդ հայտարարությունից հետո նման տեսակետներ են շրջանառվում: Այդ մարդիկ մասնակցել են դաժան, անհավասար պատերազմին. նրանք գլխավորել են այդ պատերազմը, և բոլորի համար էլ պարտությունը շատ ծանր է: Եթե այդ հայտարարությունից հետո նրանք գործողությունների դիմեին կամ միանային բռնության կոչեր անող հրապարակի ընդդիմությանը, ապա շատ վատ կլիներ մեր երկրի վիճակը»,- շարունակում է Ալեքսանյանը:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ եթե իմանայինք հայտարարության պատճառները, գուցե մենք այլ կերպ ընդունեինք հայտարարությունը:

«Այսինքն՝ վարչապետը մտցրեց տագնապ, երբ հայտարարեց, որ երկրում «ռազմական հեղաշրջման» փորձ է արվում, և մարդիկ տագնապահար, շփոթության մեջ գնացին կառավարության շենք:

Վարչապետի կողմից տրված ձևակերպումը ես չեմ կարող բնութագրել որպես մանիպուլյատիվ հայտարարություն, բայց հայտարարությունից մեկ օր անց ես հասկացա, որ դա չէր կարող «ռազմական հեղաշրջման» փորձ լինել, ուղղակի դա ընդվզում էր:

Ես կարծում եմ, որ վարչապետն իր խոսքը պետք է ձևակերպի այնպես, որ թյուրըմբռնումներ և անհասկանալի բաներ չլինեն»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ստեղծված այս բարդ իրավիճակում վարչապետը պետք է մտածի իրավիճակի լիցքաթափման մասին.

«Պիտի ծայրահեղ հանդուրժող լինի և ինքը պիտի պարզ լինի, երբ հայտարարություններ է անում, պիտի պարզ խոսի, որ բոլորը հասկանան՝ ինչ է տեղի ունեցել:

Եթե գնում է իրավիճակի լիցքաթափման, ապա պետք է ժողովրդի հետ բաց լինի: Հայտարարի, որ ինքը սա էր ասում, իսկ նրանք չէին ընդունում, իսկ մենք միանգամից «հեղաշրջման» փորձի մասին ենք լսում՝ առանց այդ ինֆորմացիայի: Պետք է հաշվի առնել, որ այս երկրում մարդիկ են ապրում, ովքեր հետպատերազմյան սթրեսներ են տանում, վշտի մեջ մարդիկ կան. պետք է հաշվի նստել այս իրողության հետ և ոչ թե հայտարարել, որ «ռազմական հեղաշրջման» փորձ է արվել, և մարդկանց ահաբեկել:

Լիցքաթափման ձևն այն է, որ «Ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առջև»-ը լինի ճշմարտություն և ոչ թե ձևական, և այս մարդկանց, այդ թվում՝ գեներալներին և մյուսներին, ովքեր պատերազմում ծանր հոգեբանական, ֆիզիկական ծանր վիճակներում են եղել, նա պետք է բոլորի նկատմամբ հավասար մոտեցում և վերաբերմունք դրսևորեր, որովհետև նա է վարչապետը և նա պետք է անի այդ քայլերը»,- եզրափակում է իրավապաշտպանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button