ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Պուճուր աղջկաս ասում եմ՝ աչքերդ փակի, որ պապային տեսնես, մեծ աղջիկս հասկանում է, ասում է՝ մեծանամ զինվոր եմ դառնալու…»

«Պատերազմից առաջ լրիվ ուրիշ էր. պատերազմից հետո կյանքը կանգ է առել ինձ համար, նույնիսկ պահ է լինում, որ երեխաներն էլ չեն կարող ինձ սթափեցնել:

Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, ծառայել է խաղաղապահ զորքերում,   խաղաղապահ առաքելությամբ մեկնել տարբեր երկրներ, մասնակցել է 2016թ.ապրիլյան քառօրյա պատերազմին:

2019թ.-ին խաղաղապահ զորքերից դուրս եկավ, հետո նորից վերադարձավ ծառայության. ինքն առանց իր համազգեստի չէր կարող, սիրում էր իր աշխատանքը: Քարվաճառի զորամասում էր ծառայում, ամիսներով դիրքերում էր լինում: Խաչիկը սեպտեմբերի 25-ին դիրքերից տուն էր եկել, բայց պատերազմը հենց սկսվեց, տագնապով մեկնեց ռազմաճակատ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Խաչիկ Բաղդասարյանի կինը՝ Ռուզաննա Կարապետյանը:

«Ինչ կապված էր աշխատանքի հետ, Խաչիկը խնդիրները թողնում էր աշխատավայրում: Տանը ուրիշ մարդ էր, զորամասում՝ ուրիշ. աշխատանքն ու ընտանիքը երբեք չէր խառնում իրար: Հենց դիրքեր էր գնում, էնքան ուրախանում էր, ասում էր՝ պոստերում հանգստանում եմ»,- պատմում է Ռուզաննան:

Խաչիկ Բաղդասարյանը ծնվել է 1987թ. Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Զոհվել է սեպտեմբերի 30-ին:

«Ոչինչ չէր պատմում, չէր բողոքում ոչնչից. նույնիսկ քառօրյա պատերազմից հետո ինչ հարցնում էի՝ անպատասխան էր մնում, ասում էր՝ ամեն ինչ կարգին է: Պատերազմի ընթացքում էլ որ զանգում էր, ասում էր՝ երեխեքին, քեզ լավ նայի: Ասում էի՝ դու որ լավ լինես, մենք էլ լավ կլինենք: Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, բայց այնինչ 3 օր անտառներում են եղել:

Օրը 4-5 անգամ զանգում էր, վերջին անգամ ամսի 29-ի լույս 30-ի գիշերը ժամը 2-ին եմ Խաչիկի հետ խոսել. 5 րոպե տևեց մեր խոսակցությունը, որն ամենաերկարն էր: Զոհվել է մեր խոսակցությունից 2 ժամ հետո:

Խաչիկը յուրահատուկ մարդ էր. համեստ ու լուրջ տղամարդ: Ամեն ինչում կողքիս կանգնած էր, ամեն հարցում օգնել է ինձ»,- շարունակում է հերոսի կինը:

Խաչիկն ու Ռուզաննան 2 աղջիկ ունեն ՝4 և 2 տարեկան, ասում է, որ ամուսինը շատ էր ուզում 3-րդ զավակն ունենալ, որդի ունենալ:

«Մեր շրջապատում բոլորը գիտեին՝ Խաչիկը ինչ ձևի ամուսին է ու լավ հայր. համբերատար էր, շատ նվիրված էր ընտանիքին, հասկացող:

Իմ ամեն օրը տոն է դարձրել, իր համար առիթ պետք չէր, որ ծաղիկ նվիրեր: Ես 12 տարի այնքան երջանիկ եմ եղել, որ  50 տարի իրար հետ ապրող ամուսիններն այդքան երջանիկ չեն լինում:

Հպարտ եմ, որ հերոսի կին եմ ու հենց Խաչիկի կինն եմ, բայց, ազնիվ խոսք, չէի ուզի լինել հերոսի կին:

Պուճուր աղջիկս դեռ ոչինչ չի հասկանում. ասում է՝ պապա, ասում եմ՝ աչքերդ փակի, որ պապային տեսնես, մեծ աղջիկս հասկանում է, բայց ցույց չի տալիս: Ինքը բոլորին ասում է, որ  պապաս գնացել է բոլոր թուրքերին սպանի, ասում է՝ մեծանամ զինվոր եմ դառնալու, որ գնամ պապայիս պաշտպանեմ:

Մեծ աղջիկս շատ նման է հորը թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ. Գաբիս շատ կապված էր հոր հետ: Չգիտեմ, առանց Խաչիկի ահավոր է ապրել»,- եզրափակում է արցախյան պատերազմում զոհված հերոսի կինը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close