ՆորություններՔո ձայնը

Ո՛չ վարչական ռեսուրսներին և քաղաքական կոռուպցիային․ Ավետիք Իշխանյան

Որոշ չարակամներ պնդում են, թե իբր փետրվարի 25-ին վարչապետի հանրահավաքին մասնակցության համար կիրառվել են վարչական ռեսուրսներ։ Իբր թե, վարչապետը հանձնարարել է նախարարներին, մարզպետներին, պատգամավորներին, իրեն ենթակա օլիգարխներին, ներեցեք, սեփականատերերին ՝ բերել և պարտադրել իրենց ենթականերին մասնակցել վարչապետին աջակցող հանրահավաքին։ Սա բացարձակ սուտ և կեղծիք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Մեր հավաստի տվյալներով, հակառակը՝ վարչապետը հորդորել է բոլոր իր կողմնակիցներին, չլքել պետական ծառայությունը և խնդրել, որ հանրահավաքին մասնակցեն միայն ազատ, հպարտ քաղաքացիները։ Սակայն, անսալով վարչապետի հորդորներին, նախարարներն ու մարզպետները, պետական շահերից ելնելով, թքած ունենալով աշխատանքային իրենց պարտականություններին՝ միացան վարչապետին աջակցման երթին։

Ի գիտություն, չարակամներին՝ վարչապետի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն և աշխատանքային ժամերին հանրահավաքին մասնակցած պաշտոնյաները խիստ պատասխանատվության կենթարկվեն։ Ի դեպ, նույն չարակամները զուգահեռներ են անցկացնում, նախկինների և ժողովրդի ընտրյալների մեջ նաև այլ հարցերում, օրինակ, Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի և Սասուն Միքայելյանի միջև։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի որդին քաղաքապետ էր դարձել վարչական ռեսուրսի օգտագործմամբ, իսկ Սասուն Միքայելյանի որդուն Հրազդանի քաղաքապետ ընտրել է ժողովուրդը։ Նույնը վերաբերում է վարչապետի եղբոր որդուն, կնոջ եղբորը և այլոց։ Այնպես որ, թող որևէ ընդդիմադիր չանհանգստանա, թե վարչապետի գլխավորությամբ անցկացվող ընտրություններին կարող են կիրառվել վարչական ռեսուրսներ։ Բացառվում է, ամեն ինչ որոշելու է ՎԱՐՉԱԿԱՆ ժողովուրդը։

Քաղաքացիական հասարակության, առաջադեմ ներկայացուցիչներ»,- գրել է Իշխանյանը:

Back to top button
Close