Նորություններ

Վարչապետի համակիրների երթն ավարտվեց. Փաշինյանը ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել

ՀՀ վարչապետի գլխավորությամբ երթը, որը մեկնարկել էր Տիգրան Մեծի պողոտայից, ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա առաքելությունն իրենք կատարեցին՝ արձանագրելով ժողովրդի՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը: «Դիրքորոշումը հետևյալն է՝ հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է դիմում գրի հեռանալու վերաբերյալ:

Երկրորդ՝ այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով:

Հիմա ես կգնամ Կառավարություն, մի քանի խորհրդակցություններ կանենք և կկայացնենք որոշումներ: Մեր կարգախոսը հետևյալն է՝ «Վե՛րջ թավիշին»: Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց, օգտագործեց, ով չօգտագործեց, պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վերջում նա կոչ արեց կրկին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի հետևանքով զոհված մեր հայորդիների հիշատակը:

Back to top button