Նորություններ

«Աբու Դաբիում տեղի ունեցած տհաճ միջադեպի կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն». Նիկոլ Փաշինյան

Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանը ներկայացավ դատարկ տաղավարների տեսքով: Այս միջադեպին ՀՀ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի և  ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, և ես ուզում եմ ասել, որ այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն, և ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և կկանչվեն պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-25-ին Աբու Դաբիում անցկացվեց «IDEX 2021» (International Defence Exhibition & Conference) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին  մասնակցում էին աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 1000 ընկերություն:

Հայկական ընկերությունների տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ նախարարությունը պարզաբանեց, որ նմուշների տեղափոխման ընթացքում առաջացել են լոգիստիկ խնդիրներ, որի հետեւանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Back to top button
Close