Նորություններ

«Ես չեմ կարող ասել, չգիտեմ` ինչու է աշխատանքից ազատվել Տիրան  Խաչատրյանը». Գ. Ալթունյան

Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա պատշաճ բացատրություն չի ներկայացվում։ Հասարակության համար այդպես էլ հասկանալի չի դառնում՝ ինչու է այս կամ այն պաշտոնյան հեռացվում աշխատանքից։

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը բացառություն չէ:  Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Տիրան Խաչատրյանին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

ԳԱԼԱ-ն  փորձեց  ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել՝ արդյո՞ք  կառավարությունից  ներկայացվել  է  ԶՈՒ Գլխավոր  շտաբի պետի  առաջին  տեղակալ Տիրան Խաչատրյանի  պաշտոնանկության վերաբերյալ  պատճառաբանություն:

«Ես չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչու  է աշխատանքից ազատվել Տիրան  Խաչատրյանը»,- այս մասին  նշեց  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Նշենք, որ ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդերի» 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին, և հավելել, որ դա լուրջ չէ:

Հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Պաշտոնից ազատված Տիրան Խաչատրյանը պատերազմի օրերին` 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել էր ազգային հերոսի կոչման:

Back to top button
Close