Նորություններ

«Իսկանդերը եղել է մարտունակ. ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել». Մովսես Հակոբյան

«Մենք  «Իսկանդերի» հետ  խնդիր  չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ  մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ  մեր կողմից ոչ ոք չի կարող  իմանալ, թե քանի  տոկոսն է պայթել, որովհետև դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետև ես  գիտեմ, որ կրակել են հակառակորդի  վրա»,- այս  մասին ԳԱԼԱ-ի  հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:

«Վստահ եմ, որ մարտունակ է եղել «Իսկանդերը»: Լավ  կլինի՝ բանակից չխոսի մարդ, ով գիտելիքներ չունի:

Ինքն ընդհանրապես զինվորական գործից գաղափար չունի և ինչքան խոսի, այդքան  սխալներ է թույլ տալիս:

Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ  չգիտի՝ ինչ է  նշանակում բանակի բարեփոխում:

Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ  տալը բանակի բարեփոխում  չէ»,- եզրափակեց  Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, ասել է.

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ, 10 տոկոսով»:

Back to top button