Նորություններ

Սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով անթույլատրելի է. Նախագահ. Փաստինֆո

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խիստ մտահոգում են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված խնդիրները, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող մի քանի հարցի։ Ներկայացնում ենք նախագահին ուղղված հարցերը և ի պատասխան դրանց Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանները։

— Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում տեղաշարժում են իրենց դիրքերը՝ մոտենալով հայկական բնակավայրերին, հափշտակում անասուններին, արձակում կրակոցներ՝ փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված անվտանգային իրավիճակը։

— Հանրապետության նախագահն անթույլատրելի է համարում սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով։ Նախագահն անցյալ տարեվերջին այս հարցը բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։ Հանրապետության նախագահն այն կարծիքին է, որ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթացներ են, որոնք ենթադրում են առնվազն հետևյալ փուլերը․ պետական դիրքորոշման ձևավորում և բուն աշխատանքների կազմակերպում։ Համապատասխան լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի այդ գործընթացը չիրականացվի ի հաշիվ ՀՀ տարածքի, անվտանգության և ի վնաս ՀՀ քաղաքացու։

— 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում տեղաշարժել են փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերից դիրքերը, հայկական զորքերը՝ ի վնաս Հայաստանի անվտանգության։ Առանց համապատասխան հանձնաժողովի՝ սահմանագծման և սահմանազատման որոշումների ՀՀ ԶՈՒ գործողությունները, Սյունիքում ստեղծված իրավիճակը քննարկե՞լ եք անվտանգության խորհրդի անդամների, ԶՈՒ ղեկավարության հետ։ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող քայլերը կանխելու ուղղությամբ։

— Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է իր սահմանադրական լիազորությունների սահմաններում և չի կարող իրականացնել Սահմանադրությունից չբխող, իրեն չվերապահված այլ գործառույթներ։ Համազգային հարցերի շուրջ իր դիրքորոշումն ու մտահոգությունները նախագահը մշտապես արտահայտել ու արտահայտում է հրապարակային խոսքում։

— Պատերազմից արդեն երեք ամիս է անցել, ինչու՞ այս ընթացքում չեք այցելել Արցախ։ Պատրաստվու՞մ եք Ձեր բուժումն ավարտելուց հետո առաջիկայում մեկնել Արցախ և Սյունիք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

— Առողջական վիճակի բարելավումից հետո և բժիշկների թույլտվության դեպքում Հանրապետության նախագահը կշարունակի իր այցելությունները մարզեր, ինչպես նաև Արցախ։

— Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում առկա հայատյացության քաղաքականության դրսևորումները։ Պաշտոնական Երևանի արձագանքն ու հակազդեցությունը նման դրսևորումներին բավարա՞ր եք համարում։

— Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը պետականորեն ամրագրված և տարիներով իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որը հատկապես այսօր կարիք ունի ավելի կոշտ և արդյունավետ հակազդեցության, այդ թվում և՝ միջազգային հանրության կողմից։ Նախագահը բազմիցս նշել է, որ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով։ Նա համարում է, որ հայերի հանդեպ իրականացվող Ադրբեջանի այդ քաղաքականությունն էթնիկական զտում է։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close