Նորություններ

Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով: Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրության երկրորդ մասը:

Նվեր Մնացականյան — Քանի որ բանակից ենք խոսում. Սերժ Սարգյանն ասում է՝ ես զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Այդ ակնարկը Ձե՞զ է հասցեագրված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

Նվեր Մնացականյան – Այդպե՞ս էլ է լինում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  Չգիտեմ:

Նվեր Մնացականյան -Նորություն էր: Հետաքրքիր նորություն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  80-ականների զե՞նք էր գուցե:

Նվեր Մնացականյան — Սերժ Սարգսյանն ասում է նաև՝ ես իշխանությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չեմ փոխանցել, այլ՝ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  Բայց մերժվածը ով էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին, ինքը որոշո՞ւմ էր, թե ում պետք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի:

Նվեր Մնացականյան – Կամ ես երրորդ անգամ առաջադրվել էի, որ իրագործեի «լավրովյան պլանը»: Հետաքրքիր ակնարկ է նաև սա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  Իսկ ի՞նչ էր խանգարում դա անել դրանից առաջ:

Նվեր Մնացականյան –Դե փորձել են՝ չի ստացվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—  Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձեր՝ ստացվեր դրանից հետո կամ ինչն էր խանգարում Ազգային ժողովի ամբիոնից դա հայտարարել: Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա,  բանակցային գործընթացից հույս չկա, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ: Իսկ այդ վայրկյանին՝ 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի: Բայց ի վերջո պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 98 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման: Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը:

Նվեր Մնացականյան – Դե կարգավիճակի մասին Սերժ Սարգսյանը նաև ասում է, որ եթե ապրիլյան քառօրյան երկարեր, մենք անպայման կճանաչեինք Արցախի անկախությունը և զարմանում, թե ինչու նույնը չի արվել արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ինչքա՞ն երկարեր: Գուցե, 2016 թվականի համար էլ 4 օրն էր պատրեազմի շատ երկար: Որովհետև պետք է արձանագրել, իսկ այդ քայլն իրավիճակն ավելի լավը կդարձնե՞ր, թե՞ իրավիճակն էլ ավելի կվատթարացներ: Կամ եթե ճանաչել՝ ճանաչել. տեսականորեն ցանկացած պահի էլ կարելի է ճանաչել: Այդ դիսկուրսը միշտ էլ եղել է՝ վերջին 15 տարում, վերջին 10 տարում: Մի մասը մտածում է, որ պետք է պատերազմի ընթացքում ճանաչել, մյուս մասը մտածում է, որ պետք էր պատերազմից առաջ ճանաչել, երրորդ մասը մտածում է, որ պետք է պատերազմից հետո ճանաչել: Իսկ խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի:

Նվեր Մնացականյան— Եվ վերջապես՝ «հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր» արտահայտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան—   Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն  էլ դա ցույց տվեց: Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել:

Նվեր Մնացականյան— Նոյեմբերի 9-ի գիշերը Դուք ի՞նչ եք դիտարկում, դա զանգվածային անկարգությո՞ւն էր, ինչպես շատերը նկատում են Ձեր հակադիր ճամբարից, թե, այնուամենայնիվ, հեղաշրջման փորձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Այդ գործի քննությունը շարունակվում է և տասնյակ մարդիկ փախուստի մեջ են, փնտրվում են իրավապահ մարմինների կողմից: Այն, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք ներգրավված են եղել, և եթե հետահայաց վերլուծենք, նույնիսկ այսօր նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը, և այն ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր: Եվ դրա նպատակը, թերևս, ոչ միայն ուղղակի իշխանության հարցը լուծելն էր, այլև ամենատարբեր ճշմարտություններ Ղարաբաղի հարցի շուրջ հավերժորեն ոչնչացնելը: Իսկ  այդ ճշմարտությունները կան, իհարկե, պետական գաղտնիքի ձևով, բայց դրանք կան և չի հաջողվի ոչնչացնել դրանք:

Նվեր Մնացականյան— Այս անկարգությունների գործով չկա՞ն ձերբակալվածներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Իհարկե կան ձերբակալվածներ, կալանավորվածներ: Ինչքան ես գիտեմ, մի հատվածով գործը գնացել է դատարան: Ես, անկեղծ ասած, շատ մանրամասներով տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ այդ կապակցությամբ առաջին գործն արդեն դատարան է գնացել:

Նվեր Մնացականյան— Իսկ գոնե տեղյա՞կ եք՝ քաղաքական հետագիծն ուր է տանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Բայց դրանից բոլորն են տեղյակ, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է պատրաստել և հրապարակել այդ մասին, և՛ գործող անձինք, և՛ շրջանակները պարզ են:

Նվեր Մնացականյան— Դե հիմա էլ կայծակնային ապստամբության ազատ կոչեր են հնչում: Եվ իշխանության արձագանքը, կարծես թե, համարժեք չէ այդ կոչին: Ինձ հետաքրքրում է՝ Ձեր վստահությունը ո՞րտեղից է գալիս, որ այդպիսի բան հնարավոր չէ անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Նախ եկեք երկու բան արձանագրենք: Իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում հայտնի հանգամանքների բերումով: Բայց իշխանությունն արձագանքում է  օրենքի և օրինականության սահմաններում: Եվ ինչքան տեղյակ եմ Ձեր նշած գործի հայտարարության կապակցությամբ հարուցված է քրեական գործ և տեղի կունենա քննություն: Բայց չէի ցանկանա, որ մենք ուղղակի քաղաքական հայտարարությունները խառնենք ապօրինի հայտարարությունների հետ և բոլորը, ամեն ինչը նույն արշինով չափենք, որովհետև, ի վերջո, ժողովրդավարությունը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար, և չի կարելի թույլ տալ, որ որևէ կերպ մեր կառավարության և իրավապահ համակարգի գործունեությունը հնարավոր լինի օբյեկտիվորեն ձևակերպել որպես քաղաքական կամ անձնական հետապնդում: Դա, իմ կարծիքով, անթույլատրելի է: Այլ բան, որ կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում:

Նվեր Մնացականյան— Բայց, այնուամենայնիվ, հանրային տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում երևացող կամ անգամ չևերացող կապիտալի իշխանությունն ավելի զորեղ է, քան Ձեր քաղաքական իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով: Եվ իրականության մեջ սա, գուցե, իսկապես շատ հարցեր է առաջացնում և ստեղծում: Օրինակ, մենք ոչ ընդդիմություն եղած ժամանակ, ոչ էլ իշխանություն եղած ժամանակ փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել՝ ոչ միայն այն պատճառով, որ փող չենք ունեցել և չունենք, այլ որովհետև դա դեմ է ընդհանրապես մեր արժեքային համակարգին: Մենք չենք պատկերացնում` ի՞նչպես կարելի է մարդկանց տանել հանրահավաքի՝ սպառնալով, որ եթե չգնա հանրահավաքի, նրան աշխատանքից կազատեն: Բայց, իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն, որովհետև այսպիսի ավանդույթ էլ չի եղել Հայաստանում, որ, օրինակ, գործատուն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պարտադրաբար աշխատողին, գործավորին հանրահավաքի տանելու համար: Դա դիտվել է սովորական և նորմալ բան, այդ թվում՝ իրավապահ համակարգի տեսակետից: Եվ այստեղ է, որ մեր իրավապահ մարմիններն այդ պրակտիկան չունեն, որ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ գործավորին հանրահավաք պարտադրելու համար: Բայց այդ պրակտիկան, իհարկե, պետք է ներդրվի:

Նվեր Մնացականյան— Մի մեղադրանք էլ հիշեցի, որ մեր ձախորդությունների հիմնական պատճառը Հայաստանում պոպուլիստական իշխանություն ունենալն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ի՞նչ է նկատի առնվում պոպուլիստական իշխանություն ասելով: Այսինքն ի՞նչ է՝ Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նշանակում: Ինչպես ասում են,  ծուռ նստենք, շիտակ խոսենք, գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, մի կայացած ինստիտուտ է եղել, լիարժեք կայացած ընդամենը մեկ ինտիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան: Մենք եկել ենք հեղափոխությունից հետո, միակ կայացած ինտիտուտը՝ համակարգված կոռուպցիան, ոչնչացրել ենք Հայաստանում:

Նվեր Մնացականյան— Ու կանգ առել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ու կանգնել, շիվարած մնացել, կներեք այդ բառի համար, որովհետև Հայաստանում առանց կոռուպցիայի ոչ մի բան չի աշխատել: Դա օբյեկտիվ մեղադրանք է, որ մենք 2018 թվականին իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան: Հիմա եկեք հետահայաց նայենք, ասում ենք դատաիրավական համակարգ … Սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել շատ բան: Ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որն ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած  ինտիտուտը, ոչնչացված է: Ու պարզվել է, որ այլ ինտիտուտներն այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել: Որովհետև պետական կառավարման համակարգում, մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ: Եվ իրեն դրանից ավելի ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի:

Նվեր Մնացականյան— Հասկանալի է, հարգելի վարչապետ, բայց երեք տարի շիվարած մնալն էլ ընդունելի չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ոչ, երեք տարի մենք շիվարած չենք մնացել:

Նվեր Մնացականյան— Բա ո՞ւր է հեղափոխական օրակարգն այսօր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Հեղափոխական օրակարգն իր տեղում է: Ընդհակառակը, տեսեք ինչ լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում դատաիրավական համակարգում:

Նվեր Մնացականյան— Երեք տարի անց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Փոփոխությունները, բարեփոխումները պետք է լավ մտածված լինեն, որովհետև միշտ էլ հավանականություն կա, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանվի:

Նվեր Մնացականյան— Բայց նաև միաժամանակ մի զարմացեք, թե ինչու է ակտիվանում կապիտալի իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Կապիտալի իշխանությունն ակտիվանում էլ է, պասիվանում էլ է, այս ընթացքում եղել է ամենատարբեր իրավիճակներ, և մեր սկզբունքը պետք է լինի՝ հետևողականորեն շարունակել բարեփոխումների կուրսը: Ի վերջո, տեսեք՝ մենաշնորհների վերացման դաշտում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Այն շուկաները, որտեղ կողքից որևէ մեկը չէր կարող մտնել, այսօր ազատորեն մարդիկ ներմուծում են ինչ ուզում են, արտահանում են ինչ ուզում են: Եվ  այս առումով, այո, բարեփոխումների կուրսը գուցե այնքան արագ տեղի չի ունեցել, բայց օրինակ բանակի օրինակով ես ցույց տվեցի նաև, թե ՝ ինչու: Որովհետև միշտ եղել է այդ վակուումի առաջ կանգնելու մտավախությունն անվտանգային այս միջավայրում: Բայց հիմա մենք ունենք իրողություններ,  և  պետք է բարեփոխումներին նոր ընթացք ու նոր տեմպ տանք: Այս իրավիճակը, առաջին հերթին տնտեսական անկումը, որը, իհարկե, ոչ միայն պատերազմի հետևանք է, այլև՝ կորոնավիրուսի ճգնաժամի:

Տեսեք, 2018 թվականի մայիսին տեղի է ունեցել, այսինքն հաղթել է հեղափոխությունը, և եղել է կառավարություն՝ առանց խորհրդարանական մեծամասնության, և խորհրդարանական համակարգն անընդհատ տորպեդահարել է կառավարությանը: Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը: Եվ եկեք տեսնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2019 թ.-ի ընթացքում՝ վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ: 2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը: Եկեք հիշենք, թե ամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս,  մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիորսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ:

Նվեր Մնացականյան – Աչքով չտանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, համաձայն եմ լիարժեք, որովհետև համավարակ է ի վերջո, չի կարելի ընթացքը կանխատեսել, բայց  կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիորսի համավարակը: Այո, մենք կորոնավիորսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ,  հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել:

Նվեր Մնացականյան — Հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ վերաբերմունքը չի փոխել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մի տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից  կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում  հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ավելի մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է:

Նվեր Մնացականյան – Մարտի 1-ի գործով դատավարությունը Ձեզ չի՞ զարմացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե զարմացնում է: Տեսեք՝ ոչ միայն Մարտի 1-ի գործով:

Նվեր Մնացականյան – Դա ամենաակնառուն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ունենք գործեր, որոնք օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Որպեսզի հանրությանն այս տերմինի տարբերությունը կարողանանք ներկայացնել, ո՞րն է դատաքննության փուլը. երբ սկսվում են հետազոտվել ապացույցները, թե առաջադրված մեղադրանքն ինչքանով է հիմնավորված: Մենք ունենք այսպիսի բազմաթիվ գործեր, ընդ որում շատ հայտնի անձանց, ամբաստանյալների ներգրավմամբ, որոնք այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Ամիսներով դատ է գնում, և դեռևս քրեական գործը չեն բացել, տեսնեն՝ ի վերջո մեջն ինչ է գրված:

Նվեր Մնացականյան – Որևէ օղակ պե՞տք է հարցնի դատարանին՝ ինչու է այսպես:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ այո: Այստեղ և՛ Դատախազությունը, և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Բարձրագույն դատական խորհուրդը և՛ ի վերջո Ազգային ժողովն անելիք ունեն:

Նվեր Մնացականյան – Եվ վեթինգի գործի՞քը, որը, ցավոք, չկիրառվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում վեթինգի այն գործիքը, որը հնարավոր էր Հայաստանի Սահմանադրության պայմաններում կիրառել՝ կիրառվում է: Հենց այսօր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է և շարունակելու է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գույքային իրավիճակի ստուգումը: Ընդ որում, այս գործիքն արդյունավետ դարձնելու համար օրենսդրորեն հնարավորություն ենք տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքների նկատմամբ: Այսինքն, եթե որևէ դատավոր կոռումպացված է, եթե չեն կարող ասել՝ բոլորն առանց բացառության կոռումպացված են, բայց եթե որևէ դատավոր կոռումպացված է՝ այդ կոռուպցիան պետք է ունենա գույքային որևէ հետք: Գույքային հետքը գտնելու մեխանիզմը բանկային գաղտնիքն է և ունեցվածքի վերաբերյալ պատկերացում կազմելու գործիքները տալը: Մենք այդ գործիքները տվել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և եթե էլի գործիքներ անհրաժեշտ լինեն՝ այդ գործիքներն էլ կտանք: Էլ չեմ ասում, որ նոր  ընդունվող դատավորների, նոր դատավորի կարգավիճակ ստացող անձանց վերաբերյալ այդ գործողությունը կրկնակի, եռակի անգամ ավելի խորությամբ է իրականացվում: Իսկ ինչո՞ւ մյուսների նկատմամբ եռակի անգամ ավելի խորությամբ չի իրականացվում, որովհետև կա սահմանադրական արգելք: Բայց նաև սա  չի նշանակում, թե այդ պրոցեսն այլընտրանքային եղանակներով օրինական ձևով իրականացնելու հնարավորություն չկա: Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի:

Նվեր Մնացականյան – Եվ վերջինը: Մոտենում է Մարտի 1-ը, ինչ-որ բան որոշե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես միշտ մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի մեր զոհերին և այդ օրն ինչպես կարգն է կնշանավորենք:

Նվեր Մնացականյան – Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Back to top button
Close