ՄիջազգայինՆորություններ

Վատագույն սցենարն անցյալում է. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի ժամկետի մասին

Կորոնավիրուսային համաճարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին: Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլուգեն:

«Վատագույն սցենարն անցյալում է: Մենք ավելի շատ բան գիտենք վիրուսի մասին՝ համեմատած 2020 թ.-ի հետ, երբ այն նոր էր սկսել տարածվել»,- ասել է պաշտոնյան:

Կլուգեն ընդգծել է, որ վիրուսն ամբողջությամբ չի վերանա, սակայն նշված ժամանակահատվածում սահմանափակումների կարիք չի լինի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա միայն կանխատեսում է, քանի որ դեռեւս ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչպես է զարգանալու իրավիճակը:

Փետրվարի կեսերին Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը հնարավոր է, եթե մարդիկ «զգույշ չլինեն»: Նա շեշտել է, որ հնարավոր կլինի խոսել համաճարակի ավարտի մասին, երբ աշխարհի բոլոր տարածաշրջաններում դեպքերի քանակը ցածր լինի համաճարակաբանական շեմից, և կորոնավիրուսի պատճառով առողջապահական համակարգի բեռնվածությունը չի խանգարի նրա բնականոն աշխատանքին:

ԱՀԿ ղեկավար Տեդրոս Ադխանոմ Գեբրեյեսուսն էլ իր հերթին հորդորել է չհետաձգել պատվաստումները, քանի որ մուտացիաների և նոր շտամների առաջացման պատճառով գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են անօգուտ լինել:

Աշխարհում ավելի քան 111 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է շուրջ 2,5 միլիոն մարդ: Վարակվածների և զոհերի ամենամեծ թիվն արձանագրվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close