ՄիջազգայինՆորություններ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի՝ «հակաթուրքական» բնույթի հայտարարության մասին շահարկումները

Իրանի արտգործնախարարությունից անանուն մի աղբյուր հայտարարություն է տարածել` հերքելով ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թուրքիայի մասին հայտարարության  վերաբերյալ շահարկումները:

Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Զարիֆին վերագրվող պնդումներն անհիմն են և չունեն պատասխանի արժանի լրջություն:

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվել, թե Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան, Զարիֆը հակաթուրքական բնույթի հայտարարություններ է հնչեցրել:

Սաուդական «Al Arabiya» հեռուստաալիքի սոցցանցի հաշիվներից մեկում հրապարակվել էր Թուրքիայի վերաբերյալ Զարիֆի հայտարարությունը. «Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունն Իրաքում և Սիրիայում ու սխալ ենք համարում այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը»:  Այդ պնդումը տարածվել էր մամուլում և սոցցանցերում:

Նույն  ժամանակահատվածում Իրանի արտգործնախարարը Sputnik-ին տված հարցազրույցում  հետևյալ դիտարկումներն էր արել, որոնք, սակայն, խեղաթյուրված են ներկայացվել տարբեր լրատվականներում:

«Մենք կարծում ենք, որ Սիրիայում և Իրաքում ուժեր ունեցող Թուրքիայի վարած քաղաքականությունը ոչ միայն չի օգնում իր անվտանգության ապահովմանը, այլև սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:

Զարիֆի խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների պատճառով առկա ու հասկանալի վախերը հաղթահարելու լավագույն միջոցը ոչ թե այլ երկրների տարածքներ ուժեր փոխադրելն է, այլ այն, որ Սիրիայի և Իրաքի բանակներն իրենց ուժերը տեղակայեն սահմանային գոտիներում»:

Back to top button
Close