Քաղավիացիայի կոմիտեում լռություն է. Օդանավի առեւանգման լուրերի մասին խոսող կոմպետենտներ չկան

Վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA) հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից և ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»:
Գրառման վերաբերյալ ԳԱԼԱ-ն փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ իրավասու չէ որևէ բան հայտնելու, և տվեց Տաթևիկ Ռևազյանի օգնականի հեռախոսահամարը:
ՀՀ ՔԱԿ նախագահի օգնականը մեզ հետ զրույցում նշեց. «Որպեսզի պարզաբանումը լիարժեք լինի, ընդունարան եք միացել, ես կոմպետենտ չեմ ինչ-որ բան ասելու: Կխնդրեմ մի հատ գրություն գրեք, պաշտոնապես կպատասխանենք»:
Հարցադրմանը, թե պաշտոնական պարզաբանմամբ հանդես չի՞ գալու կոմիտեն, Ռևազյանի օգնականը պատասխանեց. «Միգուցե հանդես կգա… բայց դուք ընդունարան եք միացել, ես նման ինֆորմացիա չունեմ, որ կարողանամ ձեզ պատասխանել»:
Ռևազյանի օգնականին խնդրեցինք տալ մամուլի հետ կապերի պատասխանատուի կոնտակտ, ով կկարողանա պատասխանել լրատվականների հարցերին: Լիլիթ Աղաբեկյանն ասաց.
«Հենց էդ ա, մենք չունենք մամուլի պատասխանատու, սովորաբար ես եմ կապը պահում, բայց այս պահին ես տեղեկություն չունեմ, որը լինի լիարժեք և ստույգ: Դրա համար եմ ասում՝ գրություն գրեք, մենք մաքսիմալ արագ կպատասխանենք»: