Նորություններ

Դանակի գործադրմամբ ավազակություն Սիսիանում․ կասկածյալը ձերբակալվել է, գողոնն՝ առգրավվել

Փետրվարի 17-ին, ժամը 13.10-ին, ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Սիսիանի բաժնում: Ժամը 12.55-ին Սիսիանի Նժդեհի փողոցի առևտրի սրահ էր մտել դանակով զինված մի տղամարդ և 48-ամյա վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էր զգալի չափերի ոսկյա զարդեր ու փախել:

Մարմնական վնասվածքներ ստացած վաճառողուհին տեղափոխվել էր հիվանդանոց:
Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով տեղի իրավապահներին աջակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների աշխատակիցները:

Համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակումը կատարել է Սիսիանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Սիսիանի քննչական բաժին ու ձերբակալվել:

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, նաև հայտնել է գողոնը թաքցնելու վայրը: Հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close