Նորություններ

«Կողմերից որևէ մեկը բռնությամբ կարգ է հաստատելու, ինչը շատ վատ լուծում է, դրանով հարցը չի լուծվելու, այլ քնեցվելու է դեպի հաջորդ, շատ ուժեղ պայթյուն»

«Եթե դա քաղաքացիական անհնազանդություն է՝ ուղղված կառավարության փոփոխվելուն, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Եթե դա որևէ մեկի նկատմամբ բռնի գործողություններ են՝ ուղղված ոչ ընտրական ճանապարհով կառավարման լծակներ ստանձնելուն, ապա դա սահմանադրական կարգի տապալում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի անհնազանդության ակցիաներին:

Ըստ Նահապետյանի՝ մարդիկ համաձայն չեն կառավարող ուժի հետ, ամենաազնիվից մինչև ամենաանազնիվ մոտիվացիա ունեցող սուբյեկտներ կան, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ:

«Ես կարծում եմ, որ եթե ժողովրդի խնդիրներին առաջարկվի իրական լուծում, նախկին-ներկա բանավեճը շատ ավելի նվազ նշանակություն կունենա:

Երբ չկա քաղաքական օրակարգ, սկսում են քննարկել անձերին և նրանց անցած ճանապարհը: Եթե լինի քաղաքական օրակարգ, այսինքն՝ ժողովրդի խնդիրներին փողոցի միջոցով լուծում առաջարկվի, ցույց տրվի, որ փողոցի միջոցով է լուծվելու այդ խնդիրները, կարծում եմ, որ մարդիկ դուրս կգան փողոց: 2018թ. քաղաքացիների գերակշիռ մասը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը սուրբ չէր, բայց փողոցը առաջարկել է լուծում, և մարդիկ դուրս են եկել փողոց»,- նշեց ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամը:

Նահապետյանի կարծիքով՝ մեր երկրում կա ներքաղաքական ճգնաժամ, որը դրսևորվում է Հայաստանում պետական քաղաքական կյանքի կանգ առնելով.

«Երկիրը չի կառավարվում, «բարդակ» է, և դրա հետևանքը անհատների կողմից սեփական նախաձեռնությամբ տարբեր գործողություններ անելն է: Դա ինչ-որ մարդկանց ծեծելով, մարդկանց կալանավորելով, մարդկանց հասցեին բռնության կոչերով է դրսևորվում և դրսևորվում է երկուստեք:

Դրսևորվում է նրանով, որ ՀՀ կառավարությունը մի քանի տասնյակ կտոր ռազմական արտադրանք չի կարող ինքնաթիռով հասցնել Աբու Դաբի, ճամփին է մնում. դա նշանակում է, որ երկրում «բարդակ» է»:

Նահապետյանի կարծիքով՝ կողմերից որևէ մեկը բռնությամբ կարգ է հաստատելու, ինչը շատ վատ լուծում է, դրանով հարցը չի լուծվելու, այլ քնեցվելու է դեպի հաջորդ, շատ ուժեղ պայթյուն:

Լավ կլիներ, որ չեզոք անցումային կառավարություն լիներ, ինչ-որ մեկը կառավարեր և երկիրը տաներ արտահերթ ընտրությունների, լիցքաթափեր իրավիճակը, և ստեղծվեր համերաշխության մթնոլորտ»,- եզրափակեց ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close