Նորություններ

Ավելի քան 1000 ընկերություն՝ Աբու Դաբիում. գերհզոր ՀՕՊ, ՌԷՊ եւ ինտելեկտուալ համակարգերն ու հայկական դատարկ տաղավարները

Փետրվարի 21-25-ն Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defence Exhibition & Conference) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին «մասնակցում» է նաև հայկական կողմը՝ դատարկ տաղավարներով:

Ցուցահանդեսին մասնակցում է աշխարհի շուրջ 50 երկրի ավելի քան 1000 ընկերություն:

Ռուսաստանի Դաշնությունը, որի տաղավարը զբաղեցնում է 1200 քառ. մետր տարածք,  ներկայացրել է իր ռազմարդյունաբերության բոլոր առաջատար ընկերությունների նմուշները՝ այդ թվում արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիական նորույթներ: Ռուսաստանցիները ներկայացրել են նաեւ գերհզոր ՀՕՊ համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, զրահամեքենաներ:

Ադրբեջանը եւս ներկայացրել է իր ռազմարդյունաբերության նմուշները՝ մակետներով եւ իրական զինատեսակներով:

 

Աբու Դաբիում անցկացվող «IDEX 2021» ցուցահանդեսի աշխատանքներին են հետեւում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ զինվորականներ, կնքվում են միլիարդավոր դոլարների առք ու վաճառքի պայմանագրեր:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում նշված է. «Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն»։

Ավելացնենք, որ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն է:

Back to top button
Close