Նորություններ

Կարեն Բեքարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։30֊ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։ Արամ Սարգսյաննը կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։

Կարեն Բեքարյանի ձերբակալման իրավաչափության և խափանման միջոցի հարցը դատարանը քննել է շուրջ հինգ ժամ, ինչից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ։

Անդրադառնալով կալանավորման միջնորդությանը՝ Միքայելյանը նշեց, որ խոսքը գնում է VPN հավելվածի միջոցով ընդամենը մի քանի օրով ամիսներ առաջ մի IP հասցեից օգտվելու մասին, որից օգտվում են ևս 30֊40 կամ 200 անձ, որոնք ներկայացվել են գործով։

«Այդ 200 անձանց միջից չգիտեմ ինչ սկզբունքով ֆիլտրվում է, որ այս մարդիկ կապ ունեն ֆեյքի հետ։ Հիմա այս 200֊ի մեջ լավ խորանալու դեպքում կարող էին նաև իմ տվյալները լինել կամ այլ անձանց»,-նշեց Միքայելյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է լինել այդ ֆեյքը, քանի որ պատերազմի օրերին շատերն են օգտվել հավելվածից։

Նրա խոսքով՝ միայն այդ հավելվածից ամիսներ առաջ օգտվելու հանգամանքից բացի ոչինչ չկա։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, հանաձայն որի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը երեկ սրճարաններից մեկում հրահանգել է կալանավորել գործով ձերբակալված անձանց, ինչից հետո պարզ է դարձել, որ Արամ Լ. Սարգսյանը կալանավորվել է, Միքայելյանը նշեց, որ հավանական է համարում միջամտությունների, ճնշումների տարբերակը, ավելին, նյութերը, որոնք ներկայացվել են Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը կից, ներկայացվել են նաև իրեն, ինչից ակնհայտ է, որ նրան կալանավորելու որևէ շանս չկար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close