Նորություններ

Կարեն Բեքարյանի եւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում. Արման Սաղաթելյան

Դժվարանում եմ ասել` դատարանները կգտնվեն իրենց բարձր վարկանիշի վրա, թե ոչ, ամեն դեպքում հույս ունեմ, քանի որ ի տարբերություն իրավապահ համակարգի, որը գրեթե ամբողջությամբ վերածվել է ռեպրեսիվ համակարգի, դատական համակարգում մենք պարբերաբար տեսնում ենք բավականին ադեկվատ, ողջամիտ լուծումներ եւ վարքագիծ: Այս  մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությանը:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ դատական համակարգն այն ինստիտուտն է, որն առայժմ փորձում է հակադրվել այս քաղաքական պատվերներն ու էժանագին  շոուները սպասարկելու գործընթացին:

«Դժվար է ինչ-որ բան կանխատեսել, որովհետեւ բոլոր տեսակի գործընթացները վաղուց դուրս են եկել տրամաբանության, ողջամտության սահմաններից: Հետեւաբար դրանք հանկարծակի գեներացվող ինչ-որ պրոցեսներ են եւ ինչի են բերելու կամ ուր են փորձում տանել եւ էլ ինչ կհորինեն, շատ դժվար է ասել»,-ասաց Արման Սաղաթելյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ձերբակալվածները բարձր փորձագիտական մակարդակ ունեն եւ հարցին՝ արդյոք պատահակա՞ն է իշխանության կողմից նրանց թիրախավորելը, Սաղաթելյանն ասաց.

«Այստեղ մենք երկու տարբեր ուղղությամբ պետք է շարժվենք։ Անշուշտ, եւ՛ Կարեն Բեքարյանը, եւ՛ Արա Սաղաթելյանը, կարող եմ ասել, որ մեր մասնագիտական ոլորտում խոշորագույն փորձագետներ են եւ տարիների փորձ ու համբավ ունեն: Տեւական ժամանակ այդ մարդիկ ադրբեջանական քարոզչության ահ ու սարսափն են եղել: Հետեւաբար այդ մարդկանց այս եղանակով, այս տեսակով ձերբակալությունն արդեն մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում, նրանք ողջունում են այս փաստը, եւ այս առումով թե դա ում ջրաղացին, ինչ ջուր լցնում եւ թե դա ինչ ուղերձ է կամ ինչին է ծառայում, մենք կարող ենք պատկերացնել»։

Նա նշեց, որ սա քաղաքական ճնշումների գործընթաց է. «Ծանոթ լինելով այն ռելիզներին, որոնք տարածում են այս ամենն իրականացնող մարմինները. ուղղակի ծիծաղելի է։ Փորձում են լռեցնել փորձում են մեկուսացնել, գուցե այս եղանակով պիտակավորել, փորձել վարկաբեկման ինչ-որ գործընթացներ ծավալել, այդ թվում՝ իրենց բազմահազարանոց ֆեյքերի բանակներով»։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին եւ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 — րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Back to top button
Close