Նորություններ

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը:

Մինչև ընտրությունը կցուցադրվի Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Այն պատմում է 1988 թ.-ին ընտրված և մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:

Ֆիլմին կհաջորդեն եզդիական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նասիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի): Էկրանին կցուցադրվեն նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Ապա Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):

Back to top button
Close