Նորություններ

«Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին և տակից էլ իրենց գործը անեն». Վազգեն Մանուկյան

Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մեկնարկեց շեփորի հնչյուններով, որը ոգեշնչող դեր ուներ Ղարաբաղյան շարժման ժամանակ: Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշեց՝ հուզիչ օր է:

«33 տարի առաջ նույն այսպիսի եղանակով տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, և սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Մենք մեզ շատ հզոր էինք զգում, մենք մեր առջև դրեցինք ավելի մեծ խնդիրներ: Մենք խնդիր դրեցինք ստեղծել անկախ պետություն՝ ազգային գաղափարների և ազատության վրա հիմնված: Պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, ոչ թե մի խումբ մարդկանց համար»,- նշեց Վազգեն Մանուկյանը՝ հիշելով Ղարաբաղյան շարժման տարիները և հաջորդած զարգացումները:

Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ 2018-ից 2,5-3 տարի անց կորցրել ենք ամեն ինչ: «Մենք պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն՝ այդ իմաստով մենք դառնում ենք լրիվ կախյալ Ռուսաստանից: Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին և տակից էլ իրենց գործը անեն, ապա դա նշանակում է ընկերություն: Չէ՛, դա ընկերություն չէ»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը վերածվում է ոստիկանական պետության, տնտեսության մեջ վիճակը «ողբալի է»: «Հարց է առաջանում. կարո՞ղ ենք այս վիճակից դուրս գալ: Ժողովուրդ ջան, ի՜նչ լավն եք… իսկապես կարող ենք: Մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ, բայց այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո նոր կսկսվեն այն իրական քայլերը, որոնք պետք է կատարվեն: Մեր պայքարի մեջ պետք է լինի և՛ մերժումը ներկայի, և՛ սաղմերը ապագայի: Այն պետությունը կկառուցենք, որի մասին մենք երազել ենք:

Դժվար է լինելու: Նախ և առաջ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը: Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական զորքերը, այլ հայկական զորքերը: Բանակի մեջ պետք է տեղի ունենան կառուցվածքային փոփոխություններ»: Մանուկյանը նշեց նաև դաշնակիցների հետ հարաբերությունները կառուցելու անհրաժեշտության հարցը: Դա, ըստ նրա, միայն Ռուսաստանը չէ:

Բոլոր պետությունները, որոնք հիմա պայքարում են թուրքական ագրեսիայի դեմ, Հայաստանի դաշնակիցներն են:

Back to top button
Close