Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ինչի՞ց են մահանում Covid-19-ով հիվանդները եւ ովքե՞ր պետք է առավել շատ զգուշանան. Der Spiegel

«Համբուրգի դատաբժշկական փորձագետները Covid-19-ից մահացած ավելի քան 700 մարդու դիահերձում են կատարել՝ հիվանդության ընթացքն ու մահվան պատճառները հասկանալու համար: Նրանք պարզել են, թե ինչն է հանգեցնում ծանր ընթացքով հիվանդությունը տարած մարդկանց մահվան, և որոշ դեպքերում ինչը կարող է կանխել մահը»,- գրում է գերմանական Der Spiegel հանդեսը:

«Covid-19-ով տառապող հիվանդների մեծամասնությունը, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի, մահանում են վիրուսային վարակից՝ արդեն իսկ ունեցած հիվանդությունների և պատկառելի տարիքի պատճառով: Այս եզրակացությունն արվել է Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական հիվանդանոցի (UKE) դատաբժշկական ինստիտուտի հետազոտության արդյունքում: Անցյալ տարի բժիշկները կատարել են 735 դիահերձում: Նրանցից 618-ը մահացել են Covid-19-ից, իսկ մահվան 7% դեպքերը եղել են այլ պատճառներով»:

«Covid-19-ով մահացածների 88%-ն ունեցել է առնվազն նախկինում գոյություն ունեցող 3-4 հիվանդություն, մահացածների ճնշող մեծամասնության տարիքը 76-ից բարձր է եղել: Նաեւ այն մահացածների դիահերձում է կատարվել, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա: Նրանց մահվան պատճառները նույնն են, ինչ վիրուսի սովորական տարբերակի դեպքում»,- գրում է թերթը:

«Դատաբժշկական փորձագետները նաեւ լավ նորություններ ունեն: Թոքային էմբոլիայի պատճառով մահացած Covid-19-ով տառապող մարդկանց թիվը զգալիորեն նվազել է: «Անցյալ գարնանը մահացած առաջին հարյուր հիվանդների կեսից ավելին մահացել է թոքային էմբոլիայի պատճառով»,- հայտնել է բժիշկ Բենիամին Օնդրուշկան: Ըստ նրա՝ այսօր այդպիսի մահվան դեպքերը զգալիորեն նվազել են:

«Հակակոագուլյանտները կարող են մեծացնել Covid-19-ով տառապող ծանր հիվանդների բուժման հավանականությունը: Սա, ըստ Օնդրուշկայի, հաստատվել է ավելի քան 600 մահացածների դիահերձման ժամանակ կատարված ուսումնասիրություններով: Հակակոագուլյանտները նվազեցնում են թրոմբոզի և թոքային էմբոլիայի առաջացման  հավանականությունը: Դրանք կարող են մարդկանց կյանքը երկարացնել, սակայն հիվանդներին փրկելը միշտ չէ, որ հնարավոր է:

«Կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներից շատերը մահանում են բազմաթիվ օրգանների անբավարարությունից կամ սեպսիսից: Հաճախ մահվան այդ պատճառներին «հրահրում» են գոյություն ունեցող հիվանդությունները: (…) Հիվանդության ծանր ընթացք տարած անձինք, ովքեր մահացել են, առավել հաճախ տառապել են հիպերտոնիայով, երիկամային անբավարարությունով, շաքարախտով, ունեցել են ուռուցքներ կամ քրոնիկ թոքային հիվանդություն: Մահացածների միայն 1%-ը չի ունեցել քրոնիկ հիվանդություն. այս դեպքերում անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նրանց մահվան պատճառները»:

«Հաճախ հիվանդությունը բարդանում է սխալ կենսակերպի պատճառով. մահացածների 20%-ն ունեցել է անառողջ ավելորդ քաշ: Ավելորդ քաշը որոշիչ գործոն է հիվանդության բարդ ընթացքի համար»:

«Կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ հիվանդը, ում դիահերձումը կատարել են բժիշկները, 29 տարեկան է եղել, ամենատարեցը՝ 100: Վիճակագրական տվյալներով՝ մահացած տղամարդիկ կանանցից փոքր-ինչ երիտասարդ են եղել, նաեւ ավելի շատ տղամարդիկ են մահանում, քան կանայք», հայտնում է պարբերականը:

«Չնայած ինտենսիվ հետազոտություններին, Covid-19-ի դեմ դեռ շատ քիչ արդյունավետ դեղամիջոցներ կան», — ասում է Շտեֆան Կլուգեն՝ կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը: «Դեքսամետազոնը միակ դեղն է, որի արդյունավետությունն ապացուցված է»:

 

Աղբյուրը `Der Spiegel

Back to top button
Close