ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Մարգարն ասում էր՝ թշնամին մինչև հասնի մեզ, պատերազմն արդեն կվերջանա». 19-ամյա ժամկետային զինծառայողի հոր պատմությունը

Մելքոնյանների ընտանիքում կյանքը սեպտեմբերի 27-ից կանգ է առել: Սերժանտ Մարգար Աշոտի Մելքոնյանի հայրը՝ պարոն Աշոտը, ասում է՝ էս պահին մենք ոչինչ չենք զգում, սառել ենք:

«Իմ տղան միշտ գոհ է եղել ծառայությունից, ոչնչից չէր դժգոհում, շատ արագ հարմարվեց զինվորական ծառայությանը: Սկզբում ծառայում էր Լուսակերտում, հետո Գյումրիի «Դատոյի զորամասում», իսկ պատերազմի առաջին իսկ օրից տեղափոխել են Արցախ՝ Մարտունի-2 զորամաս, այնտեղ էլ զոհվել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայողի հայրը:

Մարգար Աշոտի Մելքոնյանը ծնվել է 2001թ. Երևանում: Ընդունվել էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման բաժինը, ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության:

Աշոտ Մելքոնյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ Մարգարը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն՝ ոչնչացնելով մեծ թվով, հսկայական կենդանի ուժ և ռազմական տեխնիկա։

«Բարի, ընկերասեր, ցանկացած իրավիճակում կարեկցող, ճշմարտասեր, շուտ կողմնորոշվող և նպատակասլաց, համառ, զուսպ»,- այս հատկանիշներով է հայրը բնութագրում իր հերոս որդուն:

«Պատերազմի օրերին, երբ զանգում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է, իր և իր զինընկերների կատարած հերոսությունների մասին դեռ շատ կխոսեն, որ թշնամին մինչև հասնի իրենց, պատերազմն արդեն կվերջանա։ Այս խոսքերով նա հանգստացնում էր մեզ, Մարգարին ծառայակից ընկերները «Լեգենդ» էին ասում։

19-ամյա սերժանտը ծնողների հետ կապ հաստատել է հոկտեմբերի 21-ին, իսկ հաջորդ օրը զոհվել է:

Մելքոնյանները երկար ժամանակ իրենց որդու մասին լուր չեն ունեցել:

Մարգար Մելքոնյանի հայրն ասում է, որ որդին շատ նպատակներ ուներ.

«Մարգարի նպատակները կապված էին մասնագիտության հետ, հայտնի ու լավ ծրագրավորող էր ուզում դառնալ, ցավոք չհասցրեց։ Պատերազմի ընթացքում նրան լեյտենանտի կոչում են առաջարկել, ընդունեց առաջարկը, ես ասել էի, որ չվերցնի լեյտենանտի կոչումը:

Մարգարը ջոկի հրամանատար էր, իր զինվորները սիրում էին Մարգարին: Ընկերասեր էր, բարի, մարդկանց հետ կարողանում էր հեշտությամբ լեզու գտնել: Չգիտեմ, դժվար է, ոչինչ չենք զգում… Ինը ամսվա ծառայող էր, 2020 թվականի հունվարի 13-ին էր զորակոչվել ծառայության։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել էր «Քաջարի մարտիկ» կրծքանշանի»,-եզրափակում է արցախյան պատերազմում զոհված Մարգար Մելքոնյանի հայրը՝ Աշոտ Մելքոնյանը:

Back to top button
Close