ՆորություններՏնտեսական

Հայաստանի արտահանման կառուցվածքը 2020 թվականին

Նախորդ տարին համաշխարհային տնտեսության համար շոկային էր, քանի որ կորոնավիրուսի պանդեմիան ստիպեց գրեթե բոլոր երկրներին գնալ տնտեսական սահմանափակումների, ինչը իր բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսական աճի վրա։

Տնտեսական ճգնաժամից անմասն չմնաց նաև Հայաստանի տնտեսությունը։ Նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմեց ընդամենը 7․1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2019-ի համեմատ պակաս էր 13․2 տոկոսով կամ մոտ 1․1 մլրդ դոլարով։ Այս ֆոնին արտահանման ծավալները նվազել են 3․9 տոկոսով։ Եթե 2019 թվականին Հայաստանից արտահանվել էր 2 մլրդ 649 մլն դոլարի ապրանք, ապա նախորդ տարի արտահանման ցուցանիշը կազմել էր 2 մլրդ 544 մլն դոլար։

Արտահանումն ըստ ամիսների

Նախորդ տարվա սկզբին արձանագրված արտահանման ծավալների աճը արգելակվեց կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի հետևանքով, ինչը բերեց նրան, որ տարվա արդյունքում արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազեցին 3․9 տոկոսով։

Արտահանման ծավալներն ըստ ամիսների կարող եք տեսնել գրաֆիկում․

Ինչպես տեսնում ենք, նախորդ տարի գրեթե բոլոր ամիսներին (բացի հունվար, հունիս, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներից), Հայաստանից արտահանումն ավելի պակաս է եղել, քան 2019 թվականին, և դա առավելապես տեսանելի է մարտ, ապրիլ և նոյեմբեր ամիսներին։ Սա բացատրվում է մի դեպքում՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական սահմանափակումներով, մյուս դեպքում՝ պատերազմով։

Արտահանման ապրանքային կառուցվածքը

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին երկրից ամենից շատ արտահանվող ապրանքային խումբը հանքահումքային արտադրանքն է, որը, ի տարբերություն մյուս ապրանքատեսակների, որոնց արտահանման ծավալները նվազել են, ունեցել է 11․5 տոկոսանոց արտահանման աճ։

Եթե 2019 թվականին Հայաստանից արտահանվող հումքի ծավալը կազմել էր 743 մլն ԱՄՆ դոլար, ապա 2020 թվականին այն աճել է 85 մլն դոլարով և կազմել 828 մլն դոլար։

Մյուս ապրանքային խմբերից զգալի աճ է արձանագրել նաև բուսական ծագման արտադրանքի և կենդանիների ու կենդանական ծագման արտադրանքի արտահանումը։

2019 թվականի համեմատ այս ապրանքային խմբերի արտահանումն աճել է, համապատասխանաբար, 27․3 և 52․7 տոկոսով։

Նախորդ տարի Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների մասնաբաժիններն արտահանման կառուցվածքում՝ ստորև․

Արտահանման աշխարհագրությունը

Հայաստանից արտահանվող ապրանքների աշխարհագրական ուղղությունների առումով փոփոխություն 2020 թվականին, կարծես, չի նկատվում, սակայն ծավալային առումով այդ փոփոխություններն ակնհայտ են։

Մասնավորապես, Հայաստանից դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն ու մասնաբաժինը տարեցտարի նվազում է։ Եվ եթե 2018-ին այս ուղղությամբ արտահանվող ապրանքների մասնաբաժինը կազմում էր ընդհանուր արտահանման 28․3 տոկոսը, ապա 2019-ին այն նվազել էր մինչև 21․8 տոկոսի։ Նախորդ՝ 2020 թվականին այս ուղղությամբ արտահանման անկումը շարունակվել է։ Տարեվերջի դրությամբ դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանվել է ընդամենը 429 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից ավելի քան 25 տոկոսով։ Դեպի ԵՄ անդամ երկրներ է արտահանվել հայկական ապրանքների ընդամենը 16․9 տոկոսը։

ԵՄ անդամ երկրներից Հայաստանի առավել խոշոր առևտրային գործընկերներն են Բուլղարիան՝ 151 մլն դոլար (5․9 տոկոս), Նիդեռլանդները՝ 97 մլն դոլար (3․8 տոկոս), Գերմանիան՝ 57 մլն դոլար (2․2 տոկոս), Իտալիան՝ 41 մլն դոլար (1․6 տոկոս), Բելգիան՝ 36․5 մլն դոլար (1․4 տոկոս) և Լեհաստանը՝ 12 մլն դոլար (0․5 տոկոս)։

ԵՄ անդամ երկրներին հիմնականում հետաքրքրում է Հայաստանում արտադրված պղնձի, մոլիբդենի, ցինկի խտանյութը, ալյումինի փայլաթիթեղը, ինչպես նաև երկաթամիահալվածքն (ֆեռոմոլիբդեն) ու հայկական արտադրության հագուստը։

Ինչպես ԵՄ անդամ երկրների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում Հայաստանից ապրանքների արտահանումը 2020 թվականին նվազել է։ Եթե 2019 թվականին այս ուղղությամբ արտահանումը կազմել էր 769 մլն դոլար, ապա նախորդ տարի այս ցուցանիշը նվազել է 64 մլն դոլարով կամ 8․5 տոկոսով։ Նվազել է նաև դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների մասնաբաժինը՝ 29 տոկոսից դառնալով 27․7 տոկոս։

Բնականաբար, Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների առյուծի բաժինն ուղևորվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն նվազել է նաև Ռուսաստան ուղարկվող ապրանքների ծավալը։ 2019-ի համեմատ նախորդ տարի այս երկիր

է արտահանվել 676 մլն դոլարի արտադրանք, ինչը կազմում է դեպի ԵԱՏՄ ուղարկվող ապրանքների 95․9 տոկոսը։

Ի տարբերություն ԵՄ երկրների, ԵԱՏՄ արտահանվող ապրանքների տեսականին շատ ավելի բազմազան է։ Այս ուղղությամբ արտահանվում է թարմ և պահածոյացված ձուկ, կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր, քաղցրավենիք, ալկոհոլային խմիչքներ, հագուստ և տրիկոտաժ, ինչպես նաև քարե սալիկներ, ավտոմեքենայի մասեր, դեղորայք և այլն։

Ի տարբերություն ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալների կրճատման, նախորդ տարում չնչին չափով ավելացել է դեպի այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը։ Ի տարբերություն 2019 թվականի, երբ Հայաստանից այլ երկրներ արտահանվել էր մոտ 1 մլրդ 400 մլն դոլարի ապրանքներ (արտահանման 49․2 տոկոսը), նախորդ տարի այս երկրներ են արտահանվել 1 մլրդ 410 մլն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 55․4 տոկոսը։ Ծավալային նման փոքր աճի պարագայում ընդհանուր արտահանման մեջ մասնաբաժնի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընդհանուր արտահանման ծավալների կրճատմամբ։

Այս շարքում գրեթե բոլոր խոշոր առևտրային գործընկերների դեպքում Հայաստանից արտահանումն աճ է արձանագրել։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին մեր երկրի խոշոր առևտրային գործընկերների ցանկը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Դրանք են Շվեյցարիան՝ 467 մլն դոլար (արտահանման 18․4 տոկոսը), Չինաստանը՝ 290 մլն դոլար (11․4 տոկոս), Իրաքը՝ 163 մլն դոլար (6․4 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 96 մլն դոլար (3․8 տոկոս), Իրանը՝ 85 մլն դոլար (3․3 տոկոս), Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 68 մլն դոլար (2․7 տոկոս), Վրաստանը՝ 58 մլն դոլար (2․3 տոկոս), Կանադան՝ 3․5 մլն դոլար (0․1 տոկոս) և այլն։

Ինչպես նշեցինք, դեպի այս երկրներ Հայաստանից ապրանքների արտահանման ծավալները գրեթե բոլոր երկրների դեպքում աճել են, բացառություն են կազմում Իրաքը, Վրաստանն ու Կանադան։ Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի Կանադա արտահանվող ապրանքների կրճատումը։ Եթե 2019 թվականին 2018-ի համեմատ Կանադա արտահանվող ապրանքների արտահանումը գրեթե կրկնապատկվել էր, ապա նախորդ տարի այն նվազեց մոտ 95 տոկոսով։ Այս երկրին հետաքրքրում էր Հայաստանի վաճառած պղնձի խտանյութն ու ադամանդը։

Ի տարբերություն Կանադայի, կտրուկ աճել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան և ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալները, համապատասխանաբար, 67, 49․7 և 25․9 տոկոսով։

Այս երկրների շարքում Շվեյցարիան ու Չինաստանը Հայաստանից գնում են հիմնականում պղնձի, մոլիբդենի և թանկարժեք մետաղների խտանյութ, անմշակ ոսկի։

Արաբական երկրները Հայաստանից գնում են հիմնականում ծխախոտ, անմշակ ոսկի և կենդանիներ, Իրանը՝ էլեկտրաէներգիա և էթիլային սպիրտ։ Դեպի այլ երկրներ Հայաստանն արտահանում է հիմնականում ալյումինի փայլաթիթեղ, պլաստմասսա, ապակի, սպիրտ, սիգարետ, դեղորայք, բնական և գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքներ և այլն։

Սևադա Ղազարյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Back to top button
Close