«Վազգեն Մանուկյանի անհաջողությունն էապես պայմանավորված է նրանով, որ ինքը ընկալվեց իբրև Ռոբերտ Քոչարյանի ժամանակավոր կամ անցումային դրածո». Ն. Դիլբարյան

«Ես կարծում եմ, որ հավաքը կարող է համեմատաբար առավել բազմամարդ լինել, բայց Վազգեն Մանուկյանը իբրև անձ և քաղաքական գործիչ, ով կանգնած է անկախ Հայաստանի կազմավորման ակունքներում, արցախյան պայքարի ակունքներում, և իբրև «Ղարաբաղ կոմիտեի» անդամ, և իբրև վարչապետ, և իբրև պաշտպանության նախարար չառաջացրեց վստահության այն մեծ ալիքը, որովհետև ինքը ներկայացավ այն ուժերի կողմից, որոնց իշխանության հետ վերադառնալու ցանկությունը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է) շատ ակնհայտ էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Վերջինիս խոսքով՝ մարդիկ պատկերացրին, որ եթե համաձայնեն Վազգեն Մանուկյանի վարչապետությանը, ապա իրենք համաձայնելու են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իշխանության վերադառնալուն:
«Վազգեն Մանուկյանի այդ անհաջողությունը էապես պայմանավորված է նրանով, որ ինքը ընկալվեց իբրև Ռոբերտ Քոչարյանի ժամանակավոր կամ անցումային դրածո, և դա վանեց հասարակության բավական մեծ շերտերի:
Իհարկե հանրության մեջ կա նաև տրամադրություն, այսինքն՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն ամբողջապես սպառել է և ցույց է տվել իր կառավարման ամբողջ ապիկարությունը, ապա եկեք միանանք նրան հեռացնելու համար, բայց դրան հակադրվում է հանրության այն մյուս զանգվածը, որն արդեն մի անգամ մերժել է Սերժ Սարգսյանին՝ տեսնելով նրա կառավարման վիթխարի թերությունները, Հայաստանի կապիտալի և մարդկային ներուժի արտահոսքը: Հիմա մարդկանց պետք է ոչ միայն փոփոխություն, այլև խիստ հստակեցված փոփոխություն. այսինքն՝ ովքեր են գալու և ինչ ծրագրերով, ինչ նպատակներով: Ես կարծում եմ, որ տեխնոկրատ գործիչները, ովքեր ապացուցել են իրենց արհեստավարժությունը, հանրությանը շատ ավելի մեծ վստահություն կներշնչեն, քան անցյալի հետ կապված քաղաքական ուժերը»,- ընդգծեց Նարինե Դիլբարյանը։
Հասարակության համար կա 2 ընտրություն՝ կամ հեղափոխությունը ձախողած, պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը, կամ նախկին իշխանությունները, ում ժողովուրդը 2018 -ին մերժեց. այս պնդմանն անդրադառնալով՝ Դիլբարյանը շեշտեց, որ դրանք կեղծ պնդումներ են, և այդ պնդումը 2018թ.-ից է դրվել շրջանառության մեջ։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, հրաշալի իմանալով, որ իր թիմը չի կարող Հայաստանը տանել զարգացման, այդ պնդումն է շրջանառել.
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եթե մենք չենք իշխանության գլուխ, ապա կգան նախկինները, և կլինի նույնքան վատ, որքան եղել է»: Ըստ Դիլբարյանի՝ իրականում ավելի ծանր եղավ։
Անահիտ Չալիկյան