ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հայերի «Վոլգա ԳԱԶ 24-10»-ը հայտնվել է Դագ Դեմուրոյի ձեռքում. միակ նմուշն ԱՄՆ-ում, որը զարմացրել է հայտնի բլոգերին

Եթե ​​դուք ավտոմեքենաների սիրահար եք և երբեմն օգտվում եք YouTube-ից, հավանականությունը մեծ է, որ հանդիպել եք Կալիֆորնիայից ավտոբլոգեր Դագ Դեմուրոյի տեսանյութերին, ով պատմում  է ամենատարբեր մեքենաների հետաքրքիր ու քիչ հայտնի հատկությունների մասին: Այս անգամ նրա մոտ է հայտնվել 1988 թվականին թողարկված խորհրդային ​​«Վոլգա ԳԱԶ 24-10»-ը:

Ամերիկացի հայտնի ավտոբլոգեր և լրագրող Դագ Դեմուրոն խորհրդային ավտոմեքենային հանդիպել է ոչ թե Ռուսաստանում, այլ Կալիֆորնիայում, որտեղ ինքն է բնակվում: Մեքենան տրամադրել է բլոգերի հայազգի հետեւորդներից մեկը: Նա նշել է, որ 1988թ.-ին թողարկված ​​«Վոլգա ԳԱԶ 24-10»-ը միակ նմուշն է ԱՄՆ-ում և այն պատկանում է իր հորը, ով եկել է Խորհրդային Հայաստանից: Վերջինիս   հայրենիքի կարոտն է ստիպել գնել այդ մեքենան:

Դեմուրոն արտահայտել է իր զարմանքը եւ չի հավատացել, որ «Վոլգա»-ի արտադրության տարին 1988 թվականն է:  Բլոգերը նկատել է, որ մեքենան, որը խորհրդային չափանիշներով որպես շքեղություն է համարվել, չունի դռան «գրպաններ», բաժակակալներ, օդորակիչ և նույնիսկ տախոմետր:

Լրագրողը ներկայացրել է ներքին հարդարանքը, որը, ըստ նրա, արված է 70-ականների նորաձեւության ոճով, եւ միակ դետալը, որն արդիական է 80-ականների համար, եռաճաղ ղեկն է:

Շարժման մեջ 100 ձիաուժ շարժիչով «Վոլգան», ըստ բլոգերի, չի համապատասխանում նույնիսկ 70-ականների չափանիշներին, այն կարելի է համեմատել 60-ականների մեքենաների հետ: «Այն չափազանց դանդաղընթաց է, իսկ ղեկը պտտելու համար պետք է բավականին մեծ ջանք գործադրել, քանի որ մեխանիզմում հիդրավլիկ ուժեղացուցիչ համակարգ չկա»,-ընդգծել է Դեմուրոն:

Ամփոփելով՝ բլոգերը նշել է, որ իր համար շատ հետաքրքիր էր իրական խորհրդային ​​մեքենա փորձելը, եւ «Վոլգան», նրա կարծիքով,  հարմարավետ է ընթացքի ժամանակ:

Back to top button
Close