Նորություններ

Արցախի խորհրդարանին է ներկայացվել ռուսերենը երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին նախագիծ

Արցախի Հանրապետության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։ Նախագծում նշված է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»:

Որպես հիմնավորում նշվում է Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու հանդիսանում է ռուսերենը։

«Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Back to top button
Close