Նորություններ

«Եթե ուժեղ երկրաշարժ սպասվեր, ինչ-որ անոմալիաներ կունենայինք». թե ինչպիսի՝ պարզաբանում է Սերգեյ Նազարեթյանը

Երկրաֆիզիկոս, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին մի քանի օրերին տեղի ունեցած երկրաշարժերին, նշեց, որ եթե օջախները հայտնի չլինեին, անհանգստանալու տեղիք կտար, սակայն այս երկրաշարժերի օջախային գոտիները հայտնի են և ուսումնասիրված:

«Շորժայի և Նուբարաշենի երկրաշարժերը դասվում են միջին ուժի երկրաշարժերի շարքին: Ուժեղները մեզ մոտ 5,5 մագնիտուդից բարձր են: Դա սովորական երևույթ է մեր տարածաշրջանի համար, ընդհանրապես ամբողջ Կովկասի սեյսմոակտիվ տարածքների համար: Ամենակարևորն այն է, որ աշխատեցին հայտնի օջախները՝ թե՛ Սևանի օջախային գոտին (Սևանի բեկվածքը շատ սեյսմաակտիվ է) և թե՛ Նուբարաշենի՝ Երևանի բեկվածքի գոտին… Դրանք բավականին հայտնի օջախներ են: Եթե այլ տեղում լիներ երկրաշարժը, մենք՝ մասնագետներս, խիստ կանհանգստանայինք, որովհետև Սպիտակի դառը փորձն ունեինք: Սպիտակը դասվում էր 7 բալանոց գոտու շարքը, եղավ 10 բալանոց երկրաշարժ: Դրա համար ենք մենք ասում, որ սրանք սովորական երկրաշարժեր են: Երևանի բեկվածքի հատվածը, հատկապես Փարաքարի տեղաշարժը, մենք նրա բնավորությունն ու բնութագիրը գիտենք: Թույլ երկրաշարժ է լինում, ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Սա մի քիչ հեռու էր Փարաքարի օջախից, բայց էլի նույն բեկվածքի գոտում էր: Դրանք սպասելի, նորմալ պրոցեսներ էին»,- ընդգծեց Սերգեյ Նազարեթյանը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե հնարավո՞ր է լինեն ուժեղ երկրաշարժեր, երկրաֆիզիկոսը նշեց՝ հավանականությունը փոքր է:

Սերգեյ Նազարեթյան
Սերգեյ Նազարեթյան

«Մենք վստահ ենք, որ առավել ուժեղ երկրաշարժ չի սպասվում մոտակա ժամանակներս: Բայց հետագայում, իհարկե, չի բացառվում, որ կարող է նորից այդ օջախն աշխատել»:

Թե ինչն է հիմք տալիս պնդելու, որ այս շրջանում չի սպասվում ուժեղ երկրաշարժ, Նազարեթյանը նշեց.

«Մյուս կայանների դիտարկումներով՝ երկրաֆիզիկական, երկրաքիմիական, երկրադինամիկական, այդպիսի անոմալիաներ չունենք: Դա շատ կարևոր պահ է: Եթե ուժեղ երկրաշարժ սպասվեր, ինչ-որ անոմալիաներ կունենայինք, ընդ որում՝ լավ ընդգծված, ինչպես Սպիտակի երկրաշարժի ժամանակ»:

Հարցադրմանը, թե ինչ անոմալ երևույթներ ի նկատի ունի, Սպիտակի երկրաշարժից առաջ ինչ է արձանագրվել, Սերգեյ Նազարեթյանը նշեց.

«Մենք Նոյեմբերյանում հիդրոդինամիկական հորատանցք ունենք, որտեղ որ չափում են ընդգետնյա ջրերի մակարդակը (արտեզյան ջրեր են կոչում): Այդ մակարդակը օրական փոփոխվում է օրական 1-2 սանտիմետր: Սպիտակի երկրաշարժից մի շաբաթ առաջ ջրի մակարդակը բարձրացել էր 197 սանտիմետր: Դա ահավոր անոմալիա էր: Նշեմ նաև, որ արձանագրվել էին նաև այլ անոմալ երևույթներ: Կայաններ ունենք, որոնք լավ արձագանքում են ոչ միայն Հայաստանի տարածքի, այլև տարածաշրջանի երկրաշարժերը»,- նշեց Սերգեյ Նազարեթյանը:

Հիմա ամենակարևոր խնդիրները, որ ծառացած են հանրապետության առաջ, ըստ Սերգեյ Նազարեթյանի, երկուսն են՝ ուժեղացնել խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները և թույլ չտալ սեյսմիկ ռիսկի աճ:

«Հիմնականում բազմաբնակարան շենքերը, որոնք որ Երևանում դժբախտաբար շատ են, նախագծվել են նվազեցված սեյսմիկ վտանգի մակարդակով: Հատկապես ահավոր է շինարարության որակը: Դրան գումարվել է նաև այն, որ բնակիչները միշտ էլ, հատկապես քարե շենքերում, ձևափոխություններ են անում առանց մասնագետների հետ խորհրդակցելու, որը բերում է շենքի սեյսմակայունության նվազմանը:

Ինչ վերաբերում է սեյսմիկ ռիսկի աճը կանգնեցնելուն, նշեմ, որ սեյսմիկ ռիսկը երկրաշարժի հնարավոր հետևանքների հանրագումարն է. մարդկային կորուստներ, ավերումներ, կենսապահովման գծերի շարքից դուրս գալ և այլն: Պետք է թույլ չտալ այդ ռիսկի աճը: Այստեղ շատ կարևոր է վերանայել շինարարական նորմերը, ապահովել նոր իրականացվող շինարարության բարձր որակը: Բայց այստեղ էլ տարօրինակ բաներ կատարվեցին Հայաստանում:

Կար «Լինսի» հիմնադրամով բնակարանաշինության ԾԻԳ-ի գրասենյակ: Հավաքված էին ընտիր մասնագետներ: Որակի տեսանկյունից «Լինսի» շենքերը (5600 շենք կառուցվեց Հյուսիսային Հայաստանում) ամենաբարձր որակովն են, այդ թվում դպրոցների շենքերը: Փոխանակ օգտագործեին այդ ստեղծված կոլեկտիվը, որը մասնագիտական մեծ փորձ ուներ, բռնեցին «Գլենդել Հիլզը» ստեղծեցին, որտեղ որ հավաքվեցին ոչ մասնագետները, և տեղի ունեցավ ցածր որակի շինարարություն: Ինչո՞ւ, եթե կար ստեղծված հատուկ գրասենյակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների խումբ: Դա քանդեցին, ստեղծեցին «Գլենդել Հիլզը», որը կամաց-կամաց սկսեց փորձ ձեռք բերել, հավաքել մասնագետներ: Ամեն մի նոր բանը միշտ դժվար է իրականացնել: Գումարները պետք է տային այդ ԾԻԳ-ին, որի մասնագետները նույն ոգով պետք է աշխատեին: Զանգվածային շինարարության որակի տեսակետից բարձր նշաձող է սահմանել «Լինսի» հիմնադրամը»:

Մյուս կարևոր հարցը, Սերգեյ Նազարեթյանի խոսքերով, մարդկանց պատրաստելն է, որ երկրաշարժերի ժամանակ խուճապի չմատնվեն:

«Խուճապն ինքն իրենով ծանր հետևանքների հիմքն է: Խուճապահար մարդը միշտ սխալներ է թույլ տալիս»:

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close