ՆորություններՏնտեսական

«Հեղափոխականի սինդրոմից դուրս չեկան. ցուցադրեցին իրենց լուծումներ չունենալու բոբիկությունն ու անգրագիտությունը»

Հայաստանում լայն սպառում ունեցող ապրանքները թանկանում են, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.4%: Որո՞նք են գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

«Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, այո, գնաճը կազմել է 3.7% նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ: Բայց արդյոք դա արտացոլում է իրական պատկերը, թե ոչ, կարող է փաստել ցանկացած սպառող, երբ ձեռք է բերում անհրաժեշտ նվազագույնը: Առևտրի շրջանառությունը պակասել է շուրջ 14%-ով, որից՝ մանրածախ առևտրինը՝ 17.3%: ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ աճել է 8.5%-ով, եվրոյի՝ 18.8%-ով:

Թվեր շատ կարելի է ներկայացնել, օրինակ շինարարության ոլորտում անկումը շուրջ 10% է ներկայացված, բացվածքը որ նայենք, միայն Շիրակի մարզում անկումը կազմել է 45%։ Այս պատկերը համեմատելով իշխանությունների տված խոստումների հետ՝ պատկերն ավելի քան պարզ է դառնում:

Գնաճը, տնտեսական ակտիվության 8.5% անկումը և մարդկանց եկամուտներին վերաբերող կոշտ՝ ռեգրեսիվ հարկման համակարգը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Այս տարվա հունվարի 1-ից թանկացել են մի շարք սպառման ենթակա ապրանքներ՝ կապված հարկային դրույքաչափերի ավելացման հետ: Օրինակ՝ բարձրացել է ակցիզային հարկը, ավելացվել է դրոշմանիշային վճարը, գույքահարկի մասին էլ հավանաբար բոլորը գիտեն, չմանրամասնեմ: Մի նախադասությամբ սա ձևակերպվում է հետևյալ կերպ՝ պակասել են եկամուտները, թանկացել է ապրելը: Գնաճի պատճառները տարբեր են, համավարակն ու պատերազմը բնականաբար իր հետևանքներն ունեն: Տնտեսական այս վիճակի մեղավորը նաև գործող իշխանություններն են, ովքեր ցուցադրեցին իրենց լուծումներ չունենալու բոբիկությունն ու անգրագիտությունը»,- հայտարարեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ իշխանությունը ռազմավարություն մշակելու ունակություն չունի:

«Նրանք իրենց նախընտրական ծրագրերում գրել էին որոշակի թեզեր՝ կապված սոցիալական ներառականության, ներդրումների, տնտեսական ակտիվության և այլնի մասին, բայց ձախողել են, իսկ որոշ դեպքերում գործել են հակառակ իրենց իսկ կողմից նախանշած ծրագրերի: Սոցիալական ներառակության դեմ բերել են համահարթ եկամտային հարկի համակարգը, հարկը աղբյուրի մոտ հարկելու փոխարեն տեղափոխել են սպառման դաշտ անուղղակի հարկերի ավելացման ձևով: Հեղափոխականի սինդրոմից դուրս չեկան և ամեն հնարավոր միջոցներով խոչընդոտել են ներդրումների ներգրավմանը, չունեն տեսլական, ոլորտների առաջնահերթություններ:

Այո, արտաքին պարտքն ավելացել է, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ պարտք չվերցնենք, ինչպե՞ս ենք թոշակ ու աշխատավարձ վճարելու: Սա նշանակում է, որ պարտքի ավելացումը եկամտաստեղծ ոլորտների զարգացման համար չէ: Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարգավորվում է օրենքով՝ մասնավորապես «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով: Պարտքից վախենալ պետք չէ, նպատակներն են կարևոր: Նպատակների մասին պետք է հարցնել իշխանություններին, թե ինչ նպատակով թողարկվեց 750 միլիոն դոլարի եվրոբոնդերը, ովքե՞ր ձեռք բերեցին, որտե՞ղ պետք է ծախսվի այդ գումարը»,- շարունակեց Գրիգորյանը:

Ինչո՞ւ պատերազմից հետո առ այսօր չի տրվել սոցիալ-տնտեսական վնասի գնահատում կամ, այսպես ասած, սոցիալ-տնտեսական վիճակի բնութագիր:

Հարցադրմանն ի պատասխան Արմեն Գրիգորյանը հայտարարեց.

«Կարծում եմ պատերազմի հետևանքների վերաբերյալ ամբողջական գնահատականի հրապարակումը վերջնական կփոխի հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ: Բացի այն, որ չի տվել պատերազմից հետո առաջացած սոցիալ-տնտեսական վիճակի բնութագիրը, չի էլ ասել, թե ինչ մեթոդաբանությամբ են հաշվարկում կամ հաշվարկում են արդյոք, թե ոչ: Իսկ մենք կորցրել ենք շուրջ 30 ՀԷԿ, մետաղական և ոչ մետաղական հանքեր, շուրջ 95 հազար հա ցանքատարածք, որից 50 հազարը հացահատիկի դաշտ:

Կարծում եմ՝ շատ շուտով Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, որից հետո այս խնդիրներին հանգամանալից անդրադարձ կլինի: Հայ ազգը իրավունք ունի մանրամասն իմանալու, թե ինչ է կորցրել և ինչպես պետք է այդ բացը լրացվի»,- եզրափակում է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close