Նորություններ

Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են, ենթադրաբար, աշխարհի ամենահին գարեջրի «արտադրամասը»

Հնագետների եգիպտա-ամերիկյան համատեղ խումբը, ենթադրաբար, աշխարհի հնագույն գարեջրատուն է հայտնաբերել Եգիպտոսի Սոհագ նահանգում։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Եգիպտոսի հնությունների եւ զբոսաշրջության հարցերով նախարարությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Նյու Յորքի համալսարանի դոկտոր Մեթյու Ադամսի եւ Փրինսթոնի համալսարանի դոկտոր Դեբորա Վիշակի գլխավորած հնագիտական խումբը գարեջրատուն է գտել հինավուրց Աբիդոս քաղաքի հյուսիսում:
Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքով՝ հայտնաբերված գարեջրատունը, հավանաբար, վերաբերում է փարավոն Նարմերի դարաշրջանին։ Նա իշխում էր մոտ 5 հազար տարի առաջ: Պաշտոնյան ընդգծել է, որ «գործարանը», որտեղ գարեջուր էր արտադրվում, բաղկացած է եղել 8 խոշոր հատվածներից՝ 20 մետր երկարությամբ և 2,5 մետր լայնությամբ։ Դրանցից յուրաքանչյուրում եղել են տեղադրված մոտ 40 կավե ամաններ, որոնք օգտագործվում էին ջուրն ու հացահատիկը տաքացնելու համար։
Դոկտոր Ադամսի խոսքով՝ արտադրամասը կարող էր միաժամանակ արտադրել մոտ 22,4 լիտր գարեջուր: Նա կարծում է, որ դրա տեղը պատահական ընտրված չէր։ Այն կառուցվել է հենց այդ վայրում՝ ապահովելու ծիսակատարությունների անցկացման «ալկոհոլային բաժինը»։ Ծիսակատարությունները տեղի էին ունենում Հին Եգիպտոսի առաջին տիրակալների հուղարկավորությունների սրահների ներսում:
Back to top button
Close