Երեւանում դանակահարվել են 20 եւ 26-ամյա եղբայրներ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դաշտոյան գլխավորությամբ։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչներ 26-ամյա Սամվել Հարությունյանն ու 20-ամյա Էրիկ Հարությունյանը։
Ոստիկանները պարզել են, որ մեկ օր առաջ՝ գիշերը ժամը 23։30-ի սահմաններում, Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում Ս․ և Է․ Հարությունյանների հետ անհայտ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ վերջինս ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորներն ի վիճակի չեն այդ պահին բացատրություն տալու։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: