Նորություններ

«Երբ Շուշի էր հասել, զանգել էր կնոջը։ «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցիում մոմ կվառես»

Երբ հայրենիքին վտանգ է սպառնում՝ ոստիկանը զինվոր է։ Սա հերթական անգամ ապացուցվեց 2020 թվականին սանձազերծված պատերազմում։ Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ մեկնեցին Արցախ։ Շատերն ընկան հանուն Հայրենիքի։ Նրանցից մեկն էր ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը…

Ծնունդով Գյումրիից էր, ոստիկանությունում ծառայությունը սկսել էր 2000 թվականին։ Ծառայել էր պետական պահպանության գլխավոր վարչությունում, տարածքային ստորաբաժանումներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբում։

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել էին Ռուսաստան։ Տարիներ անց վերադարձավ հայրենիք ու մեկնեց Հադրութ՝ պարտադիր զինվորական ծառայության։

Զորացրվելուց հետո ծառայության անցավ ոստիկանությունում։ Ապահովում էր բանկերից մեկի անվտանգությունը։ Եվ հենց այդտեղ էլ սիրահարվեց աշխատակցուհիներից մեկին՝ Մարիին։ Ընտանիք կազմեցին, ունեցան երկու զավակ՝ Արամն ու Ռոզին։
Պատերազմը սկսվելուն պես Արմեն Գրիգորյանը անցավ մարտական պատրաստություն ու մեկնեց Արցախ։ Երբ Շուշի էր հասել, զանգել էր կնոջը։ «Ժամը 10-ն էր, որ զանգեց։ Ասաց՝ անպայման եկեղեցիում մոմ կվառես»,-պատմում է կինը՝ Մարի Կարապետյանը։

Հոկտեմբերի 4-ին, ժամը 4-ի սահմաններում, Մարին գնաց եկեղեցի։ Կատարեց ամուսնու խնդրանքը։ Հենց նույն ժամանակ էլ Արմեն Գրիգորյանը արկի պայթյունից զոհվեց…

Ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով։ Իսկ նրա անուն-ազգանունը հավերժ գրվեց հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքում։

Back to top button
Close