Նորություններ

Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է. բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները. ԱԻՆ

Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը։

«Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ»,- հաղորդում է ԱԻՆ-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ եւ արեւելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մինչեւ այս պահը ԱԻՆ-ը հայտնել է շուրջ 46 հետցնցման մասին։

Back to top button
Close