Նորություններ

Եթե աշխատողը կորոնավիրուսի հաստատված դեպքի կոնտակտավոր է․ փոփոխություններ՝ Առողջապահության նախարարի հրամանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։
Մասնավորապես սահմանվել է․
Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝
-նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով,
-անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով,
-անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:
Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում՝
-դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,
-դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը,
-դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

Back to top button
Close