Նորություններ

Էրեխուն ու կնոջը, որ հայհոյում է, ոստիկանը պետք է կո՞ւլ տա. միջադեպի մասնակից ոստիկանները չեն ընդունում մեղքը. armtimes.com

Համացանցում երեկ մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոտքերով եւ ձեռքերով ծեծում երկու քաղաքացու: Դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին ոստիկանության «Փոսի ԳԱԻ» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց, բայց այդ մասին հայտնի դարձավ տեսանյութի տարածումից հետո:

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչ՝ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Առանցքային տուժողը Արթուր Մեսրոպյանն է եւ նրա ազգական Տիգրան Մեսրոպյանը:

Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ ՀՔԾ երեկ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիներից մեկը (Արթուր Մեսրոպյանը,-հեղ.) պարզաբանումներ էր պահանջել տեսուչներից իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ, հայհոյել էր ոստիկաններին, իսկ ոստիկանները, ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել քաղաքացու ու նրա ազգականի նկատմամբ, մարմնական վնասվածքներ պատճառել նրանց։ Քննիչի որոշմամբ 3 ոստիկանների պաշտոնավարումը դադարեցվել է:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել մեղադրյալներ Սարգիս Մնացականյանի եւ Սահակ Խաչատրյանի պաշտպան Սմբատ Մինասյանը:

— Պարոն Մինասյան, ձեր պաշտպանյալներն ընդունո՞ւմ են առաջադրված մեղադրանքները, թե՝ ոչ: Ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ:

— Առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Ընդհանուր մեր դիրքորոշումը եղել է այն, որ սա միջանձնային խնդիր է եղել, ոչ թե պաշտոնական լիազորությունների չարաշահում:

— Ասացիք՝ չեն ընդունում մեղքը, կա հրապարակված տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները մի քանի րոպե անընդմեջ ծեծում տուժողին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-… Տուժողը հարաբերական է: Ես չեմ ասում հարվածել են կամ չեն հարվածել, ընդունենք՝ երրորդ անձի անունով եմ ասում. երբ որ ճանապարհային ոստիկանությունն իր ծառայությունն է իրականացնում եւ խախտում կատարած ավտոմեքենան տեղափոխում է տուգանային հրապարակ, վարորդը՝ ձեր ասած տուժողը, գալիս է ոստիկանություն եւ խմած վիճակում սկսում է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին, ոստիկանին ասում՝ մեր ու մանուկդ…, ըստ ձեզ, ոստիկանը, որը 25 տարեկան է, գոնե իրավունք ունի՞ իր կնոջն ու երեխային պաշտպանի՝ մարդկային առումով եմ ասում:

— Բայց չէ՞ որ ոստիկանը արդեն իսկ կրում է համազգեստ, համարվում է իշխանության ներկայացուցիչ:

— Որ համազգեստ է կրում, կնոջն ու երեխային հայհոյեն՝ նորմա՞լ է:…Ոստիկանի հասցեին կարելի է հայհոյա՞նք հնչեցնել: Անձին եթե վիրավորում են, ի՞նչ կապ ունի՝ ոստիկան է, քննիչ, թե լրագրող: Երբ ինքը խոչընդոտում է ոստիկանի օրինական աշխատանքին, ու մի հատ էլ հայհոյում է կնոջը, ոստիկանը պետք է կո՞ւլ տա: Չի կարելի տենց: Դրա համար մեր իրականությունը սենց է գնում:

— Դա նշանակում է, որ ոստիկանը պետք է անդադար հարվածնե՞ր հասցներ:

— Բա հոգեբանական վիճակը: Նորմալ տղուն, որ հարցնես՝ իր կնոջն ու էրեխուն հայհոյեն, ինչ կանի, կապ չունի ինքը ոստիկան է, կարող է ոստիկան չի, դատախազ է, ինչի դատախազը գալու էր զեկուցագիր գրե՞ր: Իրենց մեղադրում են ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման համար: Ես միջնորդել եմ վերաորակել մեղադրանքը՝ նշելով, որ սա միջանձնային հարաբերություն է՝ ըստ հետեւանքի:

— Բայց անձին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:

— Ով է տեղափոխել:

— Ըստ մամուլի՝ ոստիկանները:

— Գործում նման տվյալ չկա: Գործի մեջ գրված է, որ մինչեւ վիճաբանությունը էդ մարդուն տարել են ոստիկանության բաժին՝ անձը ճշտելու համար, ինչից հետո հետ են բերել ճանապարհային ոստիկանություն, հետո թողել են, ինքը գնացել է: Թե ինքը Մասիվում ուշագնաց է, եղել, ինչ է եղել… ոստիկանները չեն ուշագնաց տեղափոխել:

— Պարոն Մինասյան, այնուամենայնիվ, ձեր պաշտպանյալները հարվածներ հասցրե՞լ են տուժողին, թե՝ ոչ:

— Դե դա արդեն կդառնա, որ ես ցուցմունք եմ տալիս, բերեք ես այդ հարցին չպատասխանեմ, հանգամանքներ կան որոնք դեռ դատաքննության փուլում չեն հետազոտվել: Էդ տուժողը ոչ մի բան չէր արել հա՞, ոստիկաններին հայհոյելը նորմա՞լ եք համարում:

armtimes.com

Back to top button