ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Ընկերասեր, բարի, օգնող Արզումանը. մինչև վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի

«Արզումանս 19 տարեկան էր, իր մասին անցյալով խոսելը դժվար է: Փոքր տարիքից հաճախում էր կարատեի, արժանացել է «Սև գոտի» անվանակարգի: Վերջին 3 տարին թողեց սպորտը և պարապում էր, որպեսզի ընդունվի բժշկական համալսարան: 2019թ. ընդունվեց ԵՊԲՀ ու զորակոչվեց բանակ։ Արզումանս ծառայում էր Մեղրիում։ Երազում էր բժիշկ դառնալ ու կդառնար, եթե չլիներ պատերազմը, հուլիսին պետք է զորացրվեր:

Եթե բնությունը մարդուն տալիս է մի շնորհ, ապա նրան տվել էր բազմաթիվ մարդկային շնորհներ և արժանիքներ. ոնց էինք հպարտանում Արզումանովս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Արզուման Թորոսյանի մորաքույրը՝ Հերմինե Մովսիսյանը:

Մորաքույրը պատմում է. «Արզումանը չափազանց ընկերասեր էր, բարի, օգնող, ուժեղ տղայի ուժեղ կերպար։ Պատերազմի ժամանակ տեղափոխել են Ջաբրայիլ, որտեղ մեկ շաբաթ համառ մարտերին են մասնակցել, արդեն պետք է վերադառնային Մեղրի, սպասում էին հրամանի, բայց ծառայակիցները շրջափակման մեջ են ընկել, Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության, ու այդ գիշեր ԱԹՍ-ի հարվածից զոհվում են տղեքը, այդ թվում նաև Արզումանս»։

Արզուման Թորոսյանի մորաքույրն ասում է՝ «Ծնողները գնացել էին տեսակցության, դե ծնող են, ամեն ինչ տարել էին, այդ թվում սև հաստ գլխարկ, ասել էր՝ չեմ դնի, քանի որ ընկերներիս ծնողները դեռ չեն եկել, որ իրենց գլխարկ բերեն։ Ստիպված Արզումանիս ծնողները գնացել էին Իրանի սահմանն անցել էին (դե Մեղրի էր ծառայում), հազիվ գլխարկներ էին առել, հետն էլ լիքը քաղցրավենիք, բերել էին, որ գլխարկ ունենային։ Այդ կարգի ընկերասեր էր, օգնող, հասնող, ուժեղ… իմ իդեալ տղան: Մենք երևի երբեք էլ չենք մտածում, որ Արզումանս չկա, ինքը միշտ մեզ հետ է…»:

Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Անսահման սիրում էր իր մայրիկին, մեր ազգի պարծանքն էր, մեր լույսը… ուղղակի ափսոսում ես, որ խլեցին ու տարան խելացի ու երազանքներով լի մեր Արզումանին»,- շարունակում է հերոսի մորաքույրը:

Հերմինե Մովսիսյանն ասում է՝ շատ երազանքներ ու նպատակներ ուներ Արզումանս, անհամբեր սպասում էր իր զորացրվելուն:

Արզուման Թորոսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը: Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի:

2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ), որտեղ մասնակցել է թեժ մարտերին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները:

Արզումանը վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար:

Back to top button
Close