Տնտեսական օճառի մեկ կտորն ավելորդ չէ մեքենայի բեռնախցիկում. կիրառման տարբերակներ վարորդների համար

Կան իրավիճակներ, երբ ավտոմեքենայում առաջանում են մանր-մունր խնդիրներ, որոնք հեշտությամբ կարելի է վերացնել ձեռքի տակ եղած միջոցներով: Եվ նույնիսկ մատչելի տնտեսական օճառի կտորը կարող է օգնել ճանապարհին, եթե մոտակայքում ավտոպահեստամասերի խանութ չկա:
Մեքենայում այս կամ այն խնդիրը լուծելու համար միշտ չէ, որ պահանջվում են թանկարժեք միջոցներ: Որոշ խնդիրներ հեշտությամբ կարելի է շտկել առանց լուրջ ծախսերի: Օրինակ, ավտոմեքենայում խորհուրդ է տրվում պահել տնտեսական օճառ, որին իրավամբ կարելի է շնորհել «հրաշագործ» կոչումը:
Տնտեսական օճառի օգնությամբ տնային տնտեսուհիները հրաշքներ են գործում՝ մաքրում են գորգերը եւ հագուստը, լվանում են մազերը՝ պնդելով, որ հենց այս օճառն է վերացնում թեփը:
Մեքենայի մեջ ունենալով օճառ՝ վարորդը կարող է միանգամից երեք օգտակար գործողություն անել:
Օրինակ, այն կարող է օգտագործվել որպես քսանյութ դռների սահմանափակիչների համար: Ժամանակի ընթացքում դռների սահմանափակիչների գործարանային յուղանյութը վերանում է, և դռները սկսում են տհաճ ճռռոց արձակել: Խնդիրն արդիական է հատկապես «տարեց» մեքենաների համար: Եթե սահմանափակիչները պատեք օճառի բարակ շերտով, ականջ ծակող ձայնը կվերանա: Ավելին, ի տարբերություն սովորական քսանյութերի, օճառի շերտն ավելի քիչ փոշի և կեղտ է հավաքում: Իսկ արդյունավետությունը նույնն է:
Օճառի օգնությամբ կարելի է պայքարել նաև մեքենայի ապակիների ճռռոցի դեմ: Ապակին իջեցնելիս ու բարձրացնելիս տհաճ ձայնից ազատվելու համար հարկավոր է օճառ քսել դրա ռետինե ուղղորդիչին («бархотка»): Փորձառու վարորդները ասում են, որ ապակին դադարում է նյարդայնացնող ձայներ արձակել:
Տնտեսական օճառի կիրառման մեկ այլ տարբերակ է մեքենայի անիվների մաքրումը: Շատ արդյունավետ մեթոդ է: Անհրաժեշտ է միայն օճառի լուծույթ պատրաստել և յուրաքանչյուր անիվ մանրակրկիտ լվանալ: Օճառի բաղադրությունը հիանալի կերպով հեռացնում է կեղտը եւ անվադողերը նոր տեսք են ստանում:
Աղբյուր՝ avtovzglyad.ru