Նորություններ

Արցախի մշակույթի նախարարը մեկնաբանել է Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերը

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել: Ըստ նույն տեղեկությունների՝ իբր ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Նժդեհի արձանը, ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով այդ լուրերին, ասաց, որ դրանք կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նկատենք՝ Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։

Ղարախանյանից հետաքրքրվեցինք, թե երբ է նախատեսվում հանդիսավոր բացումը։ Վերջինս էլ նշեց, որ դեռ հայտնի չէ, երբ պարզ լինի, կտեղեկացնեն։

Ավելի վաղ Մարտունու քաղաքապետի տեղակալ Էդիկ Ավանեսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ արձանի բացման արարողությունը լինելու է սեպտեմբերին։

Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը հենց Մարտունու քաղաքապետից է պահանջել ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է՝ ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»: Էդիկ Ավետիսյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց։

armtimes.com

Back to top button
Close