Նորություններ

«Իշխանությունը ցանկանար էլ, մենակով չէր կարող այդ լարվածության և արտահերթի համատարած մերժողականության ֆոնին գնալ ընտրությունների». Մ. Հարությունյան

«Իշխանությունն անկեղծ էր հնարավոր արտահերթ ընտրությունների մասով արած իր հայտարարությունում, ինչի ապացույցն են անձամբ երկրի առաջին դեմքի մակարդակով կազմակերպված կուսակցական լիդերների հետ հանդիպումների շարքը և նաև ընդդիմադիր ուժերին համագործակցության ձեռք մեկնելը։ Սակայն, ինչքան էլ իշխանությունը ցանկանար, մենակով չէր կարող այդ լարվածության և արտահերթի համատարած մերժողականության ֆոնին գնալ ընտրությունների, քանի որ դա կլիներ ուղղակի պետական ռեսուրսի վատնում»,-  ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

Ըստ նրա՝ իրավիճակի լավագույն հանգուցալուծումը արտահերթ ընտրությունների անցկացումն է, որը սակայն չպետք է լինի ինքնանպատակ։

«Իշխանությունը պետք է հնարավորինս արագ իրականացնի «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին օրենքի» և դատական համակարգի բարեփոխումները, երկրում հաստատի կայուն իրավիճակ, տա լուծում անհետ կորածների և գերեվարված մեր հայրենակիցների խնդրին և հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունացումից հետո նախաձեռնի արտահերթ ընտրություններ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընթացիկ զարգացումները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո իշխանությունը հանդես է գալու արտահերթ ընտրությունների անցկացման հստակ հայտարարությամբ, որոնք հավանաբար տեղի կունենան եկող տարեսկզբին։

Օրերս նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ վերադառնալու է մեծ քաղաքականություն: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ընտրած պայքարի մեթոդները: Հարցադրմանն ի պատասխան՝ Հարությունյանը հայտարարեց.

«Ընդդիմությունը, ամեն անգամ հանդիպելով իր ուղեգրած ճանապարհի փակուղուն, փորձում է նոր իմիտացիոն փոփոխությամբ հասնել իրենց շուրջ հասարակության լայն շերտերի համախմբմանը, սակայն ինչպես տեսնում ենք, դրանք դեռևս հաջողությամբ չեն պսակվում՝ ամեն օր արձանագրելով նոր սխալներ։ Ռոբերտ Քոչարյանը, ով փաստացի գտնվում էր Հայրենիքի փրկության շարժման կազմում, տեսնելով շարժման ձախողումը, փորձում է իրեն դուրս դնել շարժումից և դառնալ դժգոհություն գեներացնող նոր կենտրոն։ Սակայն հասարակությունն այդքան էլ միամիտ չէ և գիտի, թե քամին որ կողմից է փչում»։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին, քաղաքագետը նկատեց.

«Սյունիքի հետ կապված կան մտահոգիչ զարգացումներ, բայց դրանք իրականում այնքան էլ սարսափելի չեն, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել։ Սյունիքի հետ կապված ամենալուրջ մտահոգությունը մարզի համայնքապետների և կառավարության ներկայացուցիչների միջև տեսանելի տարաձայնությունների առկայությունն է, ինչը խոչընդոտում է շատ հարցերի լուծմանը։ Կողմերը պետք է գիտակցեն, որ իրենք հարաբերվում են ոչ թե որպես սկզբունք ունեցող անձինք, այլ պետական գործիչներ։ Սյունիքին վերաբերող շատ հարցերում կարող ենք ունենալ ավելի արդյունավետ լուծումներ, եթե վերջիններիս հարաբերություններում գերական լինի պետական շահը»,- եզրափակեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close