ՄիջազգայինՆորություններ

Մարիա Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Արցախում հուշարձանը պղծելու դեպքի մասին

Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որեւէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով, Ասկերանի շրջանի Ավետարանոց հայկական գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը պղծելու մասին հայ լրագրողի հարցին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որեւէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Ինչպես գիտեք, մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել վանդալիզմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները քանդելու փաստերի վրա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրամիության երկրներում: Մենք ուշադրություն ենք հրավիրել տեղեկատվական տարածքում այս զգայուն խնդիրները շահարկելու փորձի վրա:

Ես կուզեի ուղղակիորեն խոսել ձեր հարցի վերաբերյալ, մենք հենց որ ստացանք համապատասխան տեղեկատվություն (ի դեպ, մենք դա ստացել ենք նաեւ լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով), կապվեցինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, եւ նրանք հավաստիացրեցին, որ վանդալիզմի գործողություններ, Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշարձանների եւ գերեզմանների եւ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացում ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, կատարվում է հետաքննություն՝ այդպիսի գործողությունները բացահայտելու համար, եւ նրանք, ովքեր վանդալիզմի գործողություններ են կատարում, պատասխանատվության են ենթարկվում, նման գործողությունները կտրականապես կասեցվում են եւ բացարձակապես չեն խրախուսվում։

Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այս հարցը ադրբեջանական կողմի փոխարեն, բայց հենց դուք այն ուղղեցիք, ես պատասխանեցի դրան՝ արդեն կապված լինելով Բաքվի իմ գործընկերների հետ: Եւ ինձ թվում է, որ ընդհանրապես, եթե ընդհանուր առմամբ խոսենք, մենք Մոսկվայում, Բաքվում եւ Երեւանում պետք է հիշենք մեկ բան, որ Հայրենական մեծ պատերազմը եւ դրանում տարած հաղթանակը մեր ժողովուրդների նվաճումն է: Եւ մենք բոլորս միասին պետք է արձագանքենք այդ դեպքերի հերոսների կամ վանդալիզմի կամ հուշարձանների պղծման գործողություններին ոչ միայն առանձին դեպքերում, այլեւ միշտ: Տեսեք, թե որքան հաճախ եմ այս թեման բարձրաձայնում ճեպազրույցների ժամանակ՝ գրեթե ամեն անգամ, ամեն շաբաթ, մեկ Լեհաստանը, մեկ․․․ ցավոք, այլ երկրներ, հիմնականում Եվրամիության, տարբերվում են այս բացասական ձեւով: Ես շատ կցանկանայի, սա իմ անկեղծ ցանկությունն է, եւ ոչ միայն որպես ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, այլ նաեւ պարզապես քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի մենք մենակ չլինենք եւ կեղծիքներին, եւ պղծման, եւ հուշարձանների վանդալիզմի դեմ պայքարելու փորձերում, որպեսզի մենք միասնական լինեինք: Եւ ինձ թվում է, որ նման երեւույթը, 21-րդ դարի սարսափելի երեւույթը, պետք է դատապարտեն բոլոր պետությունները, որոնց ժողովուրդներն իրենց կյանքն են տվել, որպեսզի մենք ապագա ունենանք: Ուստի եկեք բոլորս միասին աշխատենք այս ուղղությամբ: Բայց իրականում մեր փոխգործակցությունը շատ լավ է»,- նշել է Մարիա Զախարովան:

Back to top button
Close