Նորություններ

«Մենք սովորել ենք նրան, որ չգիտենք ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում՝ բանավոր կամ առնվազն ժողովրդից գաղտնի, և չի բացառվում, որ Ադրբեջանն ունի պայմաններ»

«Փորձը ցույց է տալիս, որ գերության մեջ գտնվողների նկատմամբ վերաբերմունքը լինում է դաժան: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը այն մարդկանց է վերադարձնում, ում վրա առերևույթ այդ դաժան վերաբերմունքի հետքերը չկան: Պիտի ասեմ, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ միայն Ռուսաստանի, բայց և այլ պետությունների կոչերի ներքո»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի՝ այստեղ հայկական կողմի դերակատարությունը իջեցված է.

«Մենք սովորել ենք նրան, որ չգիտենք ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում՝ բանավոր կամ առնվազն ժողովրդից գաղտնի, և չի բացառվում, որ Ադրբեջանն ունի պայմաններ և պահանջում է, որպեսզի Հայաստանը դրանք կատարի, և դրանով կարող է պայմանավորված լինել գերիների մաս-մաս վերադարձնելը:

Ադրբեջանի կողմից այդպիսի կեցվածքն ամբողջովին հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին: Միջազգային հումանիտար իրավունքը սահմանում է, որ պատերազմի ավարտվելուց անմիջապես հետո վերադարձվում են բոլոր գերիները: Մինչև անգամ մոդայիկ դարձած «բոլորը բոլորի դիմաց» խնդիրը երբևէ միջազգային իրավունքի ներքո չի տրվել, պետք է գերիները վերադարձվեն և վերջ, բոլորովին այլ է, որ միջազգային պրակտիկայի մեջ մարդու արժանապատվությունը նսեմացնող այդ բանաձևը շրջանառության մեջ է դրվել վաղուց ու հնչեցվում է պարբերաբար»,- շեշտեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է խնդրի լուծման ուղղությունները՝ կարևոր համարելով միջպետական շփումները.

«Եթե միջպետականը ավարտված լիներ, պիտի աշխատեին այն պետությունների հետ, ովքեր որևէ կախվածության մեջ չեն թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից (Լատինամերիկյան երկրներ, աֆրիկական որոշ երկրներ, ասիական երկրներ): Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանք պետք է տարվեր, և համոզված եմ, որ պատշաճ ակտիվությամբ չի գնում: Վերջերս Լիտվան հանդես եկավ հայտարարությամբ, ես գտնում եմ, որ դա այդտեղ գտնվող ՀՀ դեսպանի աշխատանքը պետք է լինի:

Մյուս կարևոր ուղղությունը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն է: Կան նաև հասարակական միջազգային կազմակերպություններ, որոնց հետ, ինչքան ես գիտեմ, աշխատում է միայն Մարդու իրավունքների պաշտպանը:

Կան նաև միջազգային միջպետական կազմակերպություններ. դա ՄԱԿ-ն է, ԵԽ, ԵԱՀԿ կամ այլ հարթակներ, որտեղ Հայաստանը վաղուց պետք է կարողանար բարեկամական պետությունների հետ Ադրբեջանի կողմից արված բոլոր հանցագործությունները, դրան գումարած պատանդներին չվերադարձնելը դարձնել քաղաքական օրակարգի հարցեր. կայացվեին բավականին կոշտ և միջազգային պրակտիկայում կիրառվող որոշումներ, որոնք անպայման պետք է ավարտվեին սանկցիաներով, ոչ թե սանկցիաների մասին խոսակցություններով: Այստեղ է, որ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության թերացումը ցավագին է անդրադառնում գերիների ճակատագրի վրա»,-ընդգծեց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ՝ իրենք դեռևս Հայաստան տեղափոխված գերեվարված անձանց հետ կապ չեն հաստատել, որովհետև գտնում են, որ սկզբում նրանց հետ պետք է աշխատեն պատկան մարմինները՝ պատճառաբանելով, որ չպետք է մոռանալ, որ գործ ունենք անձանց հետ, ովքեր երկար ժամանակ գտնվում էին թշնամու կողմում:

«Մենք ժամանակին պնդում էինք, որ գերեվարված անձանց հետ առաջինը պետք է աշխատեն պատկան մարմինները, ոչ թե հասարակական կազմակերպությունները, երբ հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է նման հանդիպումներ, ապա ՀԿ-ն իր վրա է վերցնում որոշ պարտականությունների իրականացում»,- նշեց նա:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ անհրաժեշտ է հոգեբանական վերականգնողական բավականին երկար աշխատանք նախ և առաջ վերադարձածների և նրանց ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ արդեն գերիների 4 խումբ վերադարձել է Հայաստան: Օրերս Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից էին:

Հունվարի 28-ին էլ նույն խմբից ևս 5 ռազմագերի էր ադրբեջանական կողմը վերադարձրել հայկական կողմին, ովքեր հիմնականում Շիրակի մարզից են։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close