Նորություններ

Դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն. Շիրակի մարզպետ

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը հանդիպել են մարզի դպրոցների տնօրենների հետ և անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ։

Մարզպետն իր խոսքում նշեց. «Ինձ համար դպրոցը մեր պետականաշինության գործում ամենակարևոր օղակներից մեկն է, հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք մեր զինվորների մայրերին ու ձեզ՝ հայրենասեր ու անձնազոհ սերունդ դաստիարակելու համար։ Մեր զինվորները չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը,  բոլորիս կորուստն իսկապես անդառնալի է, մեզ մնում է համախմբվել կարևոր գաղափարի շուրջ՝ ամեն ինչ անել երկրի շենացման, հաղթանակներ ունենալու համար, իսկ որ մենք պետք է հաղթանակներ տոնենք և պետք է շտկենք մեր մեջքը. երկրորդ կարծիք չի կարող լինել»։

Շիրակի մարզպետն անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ ընդգծեց, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, անձնական հարաբերություններից վեր կրթական պրոցեսի կազմակերպումը․«Բոլորիդ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել  կարևոր հարցի վրա՝ դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն, ձեր աշխատանքը պետք է միտված լինի կրթության շարունակականության ապահովմանը, մեր սերնդի դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է և դա պետք է պատվով ու պատասխանատվությամբ իրականացվի»,-շեշտեց մարզպետը։

Հարությունյանի խոսքով՝ դպրոցը պիտի զերծ պահել անձնական ու քաղաքական բնույթի շահերից։ Վերջինիս խոսքով՝ երեխաներին պետք է կրթել և տալ գիտելիքներ, սովորեցնել հայրենասիրություն և ոչ թե այլ անձնական բաներ։

Հովհաննես Հարությունյանը կարևոր է համարում

համավարակի պայմաններում կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը։ Հարությունյանի տեղեկացմամբ՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողություն իրականացնել դպրոցներում  ուսումնադաստիարակչական պրոցեսի անխափան իրականացման համար։

Շիրակի մարզպետը անդրադարձավ նաև համավարակի պատճառով դասապրոցեսում առաջացած խնդիրներին, կարևորեց բոլորի միասնական ջանքերի ներդրումը և դասապրոցեսների վերականգնման ընթացքը։

Նրա պնդմամբ՝ կրթությունը չպետք է խաթարվի, որովհետև խաթարված կրթությունը բերելու է իր հետևանքները։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close