Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է հայազգի օդաչուի թույլ տված սխալների պատճառով

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է հայազգի օդաչու Արա Զոբայանի «կայացրած սխալ որոշումների և թռիչքի կանոնները խախտելու պատճառով», ասված է ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) զեկույցում, փոխանցում է Mirror-ը։
Զեկույցում, մասնավորապես, նշվում է՝ օդաչուն «չի հետևել ամպամած եղանակին թռիչքների իրականացման վերաբերյալ կանոններին և որոշել է թռչել արագության գերազանցմամբ»։
Դրանում նշվում է, որ օդաչուն հաշվի չի առել և չի նախապատրաստվել անբարենպաստ եղանակային պայմաններում թռիչքին, ինչը հանգեցրել է վերջինիս տարածական ապակողմնորոշմանը և վերահսկողության կորստին։
Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը նաև «քննադատել է» ուղղաթիռը շահագործող ընկերությանը՝ Island Express Helicopters-ին, «ուղղաթիռի ոչ պատշաճ տեխզննման և թռիչքների անվտանգության կառավարման գործընթացների վերահսկողության համար»։
Խորհրդի նախագահ Ռոբերտ Սումուոլթի խոսքով՝ Զոբայանը չպետք է թռչեր ամպերի միջով։
«Ցավոք, մենք շարունակում ենք ականատես լինել, որ փորձառու օդաչուների կայացրած սխալ որոշումները կարող են հանգեցնել աղետալի ավիավթարների։ Եթե նա թռիչքն ավարտին հասցնելու համար ճնշում չգործադրեր իր վրա և եղանակային անբարենպաստ պայմաններում դադարեցներ թռիչքը, վթարը տեղի չէր ունենա»,- ասել նա։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում են եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն:
Ուղղաթիռն օդ էր բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ էր կատարել, որից հետո ընկել էր Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին։